Ավինյանը ՍԴ դատավորներին առաջարկեց ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու նախագծին

Ամենադիտվածներ

Ավինյանը ՍԴ դատավորներին առաջարկեց ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու նախագծին

ՍԴ դատավորներին առաջարկում եմ ևս մեկ անգամ ծանոթանալ վաղաժամ թոշակի գնալու վերաբերյալ նախագծին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ անդամները այնքան էլ խանդավառված չեն այդ օրինագծով, անգամ հայտարարում են, որ իրենց համար դա վիրավորական է:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելու համար գնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, Ավինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է՝ լինեն մեր օրակարգում, բայց չեմ կարծում, որ միայն այս մի լոկալ խնդրի լուծման հետ պետք է կապել սահմանադրական բարեփոխումները: Այդ բարեփոխումները պետք է անցնեն համալիր, ներառական և մասնակցային քննարկումներ, որ հասկանանք, թե որտեղ ունենք խնդիրներ և ինչ լուծումներ են առաջարկվում»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե երբ իշխանությունը հասկացավ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, քանի որ սկզբում դրա մասին չէր խոսվում, նա պատասխանեց, որ չի կարող օր և ժամ արձանագրել, բայց փուլ առ փուլ այդ ճգնաժամը հասունացավ:

«Այդ ճգնաժամը ի սկզբանե սաղմում եղել է, որովհետև ՍԴ-ի նախագահի ընտրության հետ կապված հարցերը երբևէ օրակարգից դուրս չեն եղել և չեն փարատվել, ինչպես նաև որոշակի հավելյալ տեղեկատվություն է ի հայտ եկել, որը կապված է այդ գործընթացի հետ»,-հավելեց փոխվարչապետը։

Նշենք, որ այդ օրինագծով առաջարկվում է ՍԴ անդամներին վաղաժամ հրաժարական տալ՝ պահպանելով իրենց աշխատավարձը, ապա նաև կենսաթոշակը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ