Փախստականների համաշխարհային օրվան նվիրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը նշեց.
«Հայաստանում 2019 թվականին մինչև հունիսի 17-ն ապաստան է հայցել 77 անձ՝ Իրանից, Կուբայից, Սիրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրաքից, Եմենից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից»:
Նա հավելեց, որ վերջին տվյալներով սույն թվականի մինչև հունիսի 17-ը Իրանից ապաստան է հայցել 29, Կուբայից՝ 19, Սիրիայից՝ 10 անձ: Եգիպտոսից, Թուրքիայից և Իրաքից 3-ական մարդ, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից 1-ական անձ: Երկու հոգի էլ դիմել է Եմենից և ՌԴ-ից:
Նույն ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ է ստացել 36 անձ, որից 12 հոգին ԻԻՀ-ից է, 7-ը՝ Սիրիայից, 5-ը՝ Լիբանանից, 4՝ Իրաքից: Կոնգոյից, Պակիստանից, Ուկրաինայից, Եմենից նման կարգավիճակ ստացել է 1-ական անձ, իսկ Աֆղանստանից և Թուրքիայից՝ 2-ական հոգի: