fbpx
Առողջապահություն

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված.

«Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան հիվանդություններով:

Օրն առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ` միավորելով ջանքերը վերջինիս ամրապնդման գործում: Այս տարվա թեման ինքնասպանությունների կանխարգելումն է:

Տարեկան գրեթե 800000 մարդ ինքնասպան է լինում և ավելի շատն ինքնասպանության փորձ անում: Յուրաքանչյուր դեպք դժբախտություն է ընտանիքի և հասարակության համար և երկարաժամկետ ազդեցություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր կորուստ են ունեցել: Ինքնասպանություն գործում են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ: 15-ից 29-ը տարիքային խմբում ինքնասպանությունը մահացության պատճառների երկրորդ տեղում է:

Հոգեկան առողջության խնդիրները հաճախ ծագում են դեռահասության շրջանում և եթե դրանք չեն կառավարվում ու ճանաչվում, ապա կարող են հանգեցնել հոգեկան հիվանդության: Առցանց տեխնոլոգիաների օգտագործումը և տեղեկատվական գերբեռնումները, սթրեսները բերում են լրացուցիչ ճնշումների` նպաստելով հիվանդացության աճին:

ԱՀԿ-ն պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ: Հոգեկան խանգարումներն ինքնասպանության դրդող հիմնական պատճառներից են:

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի շուրջ 54000 մարդ, որից շուրջ 1500-ը` 0-17 տարեկան երեխաներն են:

Օրվա գաղափարախոսությունն է` խրախուսել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, աջակցել նրանց վաղ տարիքից կառուցելու մտավոր ճկունություն:

Մեր երկրում հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:

Ներկայումս «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնց նպատակն է լրացնել հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը, օրենքով սահմանել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները և սահմանել դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմները»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ