fbpx
Էկո

Ովքեր չեն կիսում Սևան ազգային պարկը կայացնելու տեսլականը, չեն կարող լինել մեզ հետ

Հունիսի 30-ին Շրջակա միջավայրի նախարարույթյունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Սևան» ազգային պարկի աշխատակազմի մասնակցությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«ՇՄ նախարարությունը տեղեկացնում է, որ նախքան խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, նախարարի պաշտոնակատարն իր դժգոհությունն է հայտնել նախորդ ամիսներին կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ և հնչեցրել խիստ գնահատականներ․որոշ աշխատակիցների տրվել են խիստ նկատողություններ, մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից։

«Սևան» ազգային պարկի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խիստ հրամայական կա։ Կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ գործելաոճը, անհրաժեշտ վարչարարության կիրառումը վերանայելու ու փոփոխությունների ենթարկելու կարիք կա։

«Այն մարդիկ, ովքեր չեն կիսում «Սևան» ազգային պարկը» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, պետության և քաղաքացու շահերի սպասարկման մեր տեսլականը, չեն կարող շարունակել իրենց ճանապարհը մեզ հետ»,-նշել է նախարարի պաշտոնակատարը։

Ռոմանոս Պետրոսյանը կրկին անդրադարձավ «Սևան» ազգային պարկի առջև դրված խնդիրների առաջնահերթություններին՝ պատասխանատուներին տալով մի շարք հանձնարարականներ․

հանրային լողափերի գործունեության ողջ ընթացքում խստիվ հետևել տարածքների համար սահմանված կարգապահական նորմերին,

հավուր պատշաճի կազմակերպել և ժամանակին իրականացնել տարածքների աղբահանությունը,

պատրաստվել Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով կազմակերպելուն (Հիշեցնենք, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այդ նպատակով մշակվել է համապատասխան նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։Նախագիծը շուտով կներկայացվի Կառավարության քննարկմանը)։

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարն ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և անել հնարավորը՝ այն կյանքի կոչելու համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ