Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին կոչ է արել Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ կապված Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում: Պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը լրագրողներին հայտնել է, որ Մակրոնը Ծինփինին կոչ է արել ուղերձ փոխանցել ՌԴ նախագահ Պուտինին՝ խուսափել իրավիճակի սրումից և լրջորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ երկրները պետք է միավորեն ուժերն՝ արձագանքելու համաշխարհային այնպիսի ճգնաժամերի, ինչպիսին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններն են:
Ծինփինը հակամարտության առնչությամբ ուղղակի մեկնաբանություն չի արել, սակայն նշել է, որ աշխարհը վայրիվերումների և վերափոխումների ժամանակաշրջան է ապրում և համագործակցության կոչ է արել: