Այսօր լրանում է Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցը։ Դրա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարությունը։
«32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։
Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ:
Այդ ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական:
Բաքվի ջարդերի և հայերի նկատմամբ իրականացված մյուս ոճրագործությունների հետևողական ժխտումը, դրանց իրագործողների հերոսացումը, հայերի նկատմամբ ատելության շարունակական արմատավորումը մինչ օրս էլ Ադրբեջանում պետական քաղաքականություն են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ ատելության խոսքով ու ագրեսիվ քաղաքականությամբ, ինչը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության առանցքային սպառնալիք է:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` ապահովելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը», – ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: