Հասարակություն
21:00 16/10/2021

Գյումրիում մեկնարկել են Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները

Գյումրիում պաշտոնապես մեկնարկել են Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։

Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով. այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,8 մլն դոլար, որից 3,2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ ՀՀ կառավարությունը 1,6 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։

«Ես շնորհակալ եմ թե՛ համայնքի ղեկավարությանը, թե՛ կառավարությանը, թե՛ Համաշխարհային բանկին, թե՛ «Ազնավուր» հիմնադրամին ու մեր բոլոր գործընկերներին, որոնք արել են ամեն ինչ, որպեսզի այս նախագիծն իրականանա: Ես վստահ եմ, որ այգին կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը: Սա հավակնոտ նախագիծ է, որը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Ուստի, եկեք այնպես անենք, որ այս այգին իսկապես օրինակ դառնա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի ու Գյումրիի»,- ասել է ТUF բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Այսպիսի հրաշալի ենթակառուցվածքները լուրջ ձգողության կետեր են առաջացնում ընդհանրապես Հայաստանի համար, և մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, կունենան ևս մեկ լավ առիթ այցելելու Գյումրի։ Բոլորիս շնորհավորում եմ այս լավ նախագիծը սկսելու առիթով և մաղթում, որ գյումրեցիները հնարավորինս շուտ ունենան այս այգին»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վերականգնված Բարեկամության այգին ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլև կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև:

Աղբյուրը՝ mediamax.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ