ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
«2020թ. հուլիսի 8-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ավտոտնակի դիմաց իրենց է մոտեցել նույն քաղաքի 28-ամյա բնակիչը և դեռևս նույն թվականի ապրիլի 7-ին Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու հանգամանքի հետ կապված հայհոյանքներ է հնչեցրել նույն բաժնի 2 ծառայողների հասցեին: Նշված արարքին իրավական գնահատական տալու նպատակով ոստիկանության Տավուշի բաժին հրավիրված քաղաքացին, ավագ տեսուչի աշխատասենյակում չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, միաժամանակ բռունցքներով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի կրծքավանդակին, պատռել վերջինիս աջ ուսադիրը և վերնաշապիկի կոճակները և անմիջապես դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:
28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանության ծառայողները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: