Իրավական
15:00 08/05/2020

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են․ ՄԻՊ-ը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին։

Թաթոյանի խոսքերը ներկայացնում է ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական կայքը․

«Կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն:

Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին:

Ուզենք թե ոչ, խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում հասարակության համար:

Ուստի, այստեղ հատկապես պետք է պահպանել սեփական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։

Ի վերջո, բոլորիս գլխավոր նպատակն է ի սպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ