Հայաստանում անցկացվեց «Capture the Flag 2025» (CTF) կիբեռանվտանգության ամենամյա մրցույթը, որը միավորեց ոլորտի մասնագետներին և ուսանողներին։ Միջոցառումը տեղի ունեցավ «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում՝ «ԱԲ ապոկալիպսիս» խորագրով։ Մրցույթը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ իր «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ։ Ucom-ը հանդես եկավ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր։
Մրցույթին մասնակցեցին 56 թիմ՝ 250 մասնակից, ովքեր 24 ժամ շարունակ աշխատեցին իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքների լուծման վրա։ Մասնակիցները բացահայտեցին ծրագրային խոցելիություններ, ուսումնասիրեցին վնասակար ծրագրեր և լուծեցին արհեստական բանականության (AI) համակարգերի անվտանգության հետ կապված բարդ խնդիրներ։ Մրցույթի նպատակն էր զարգացնել վերլուծական մտածողությունը և արագ արձագանքման հմտությունները։ Հաղթող ճանաչվեց AIN թիմը, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ կիբեռանվտանգությունը կարևոր է ցանկացած տեխնոլոգիական էկոհամակարգի համար, և արհեստական բանականության արագ զարգացումը մեծացնում է դրա նշանակությունը։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Մարի Բարսեղյանը ընդգծեց, որ նման միջոցառումները նպաստում են Հայաստանի ազգային կիբեռդիմակայունության ամրապնդմանը՝ ձևավորելով հմտություններ ունեցող մասնագետներ, ովքեր ապահովում են երկրի թվային առաջընթացը։

