FLYONE ARMENIA ընկերությունը ստիպված է եղել չեղարկել իր առաջին չվերթները։ Այս մասին հայտնել է ընկերությունը՝ Facebook-ի իր էջում։
- FLYONE ARMENIA-ի օդանավը ժամանեց Հայաստան. առաջին չվերթը՝ Երևան – Մոսկվա
- Flyone Armenia-ն առաջիկայում կսկսի չվերթերը 7 ուղղություններով՝ մատչելի ավիատոմսերով
«Ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։
Ավիաընկերությունը արդեն իսկ ապահովել է նշված չվերթների բոլոր ուղևորների արագ ու անվտանգ տեղափոխման հնարավորությունը նշանակման վայրեր։ Մեր աշխատակիցները նշված չվերթների բոլոր ուղևորների հետ մշտական և անհատական կապի մեջ են, մեր ուղևորների ավիափոխադրման ու մնացած բոլոր ծառայությունների ողջ փաթեթի պատշաճ մատուցման համար։
Որևէ ուղևոր «դրսում չի մնացել» ու չի մնալու։
Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է բոլոր ուղևորների համար ու պատրաստ է օպերատիվ կերպով լուծել հնարավոր ցանկացած խնդիր։
Տեղեկացնում ենք, որ մյուս ուղղություններով ընկերության չվերթները կատարվելու են նախօրոք հայտարարված ժամանակացույցով։
FLYONE ARMENIA ընկերությունը հայցում է մեր ուղևորների ներողամտությունը առաջացած անհարմարությունների համար ու հայտնում, որ ներդնում ու ներդնելու է բոլոր ջանքերը հնարավորինս սեղմ ժամկետում առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։