Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։
Մխիթարյանը նշել է, որ ըստ ամենայնի, սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։
«Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։
Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու «Ռոմայում»։ Տեսնենք։ Որոշում ընդունելու համար դեռ ժամանակ կա։ Ես սիրահարված եմ այս ակումբին, բայց անհրաժեշտ է ամեն ինչ լավ կշռադատել։
Իմ դերակատարությունը խաղադաշտում ինձ համար ոչ մի նշանակություն չունի։ Ես պարզապես ցանկանում եմ խաղալ և թիմակիցների հետ ստանալ հաճույք խաղից։
Ֆոնսեկայի և Մոուրինյոյի միջև տարբերությունն այսպես անմիջապես չեմ կարող ասել։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել եմ տիտղոսներ, իսկ «Ռոմայի» հետ այդպիսի բան չի եղել։ Եթե Մոուրինյոն օգնի «Ռոմային» նվաճել տիտղոսներ՝ հրաշալի է։
Որոշ ֆուտբոլիստների և մարզիչների համար «Լացիոյի» հետ հանդիպումը վերջինն էր տնային ստադիոնում։ Մենք դա հասկանում էինք և արեցինք հնարավոր առավելագույնը։ Հեշտ խնդիր չէ «Լացիոյին» հաղթելը, բայց մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք»,-ասել է Մխիթարյանը:
Այս մասին տեղեկանում ենք DAZN-ից։