fbpx
Ժամանց

Չորս մրցանակ կորեացի ռեժիսորի աշխատանիքին․ Օսկար 2020-ը այլևս իրականություն է

Լոս Անջելեսում րոպեներ առաջ ավարտվել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հանձնման 92-րդ արարողությունը։ Ինչպես միշտ, շքեղ շոու, հետաքրքիր երաժշտական համարներ։ Օրինակ՝ Էմինեմն անակնկալ ելույթ ունեցավ, դահլիճը կանգնած ծափահարեց երգչին։ Միայն թե Բիլի Այլիշը մինչև վերջին պահը չէր ցանկանում վեր կենալ։ Հավանաբար, մտածում էր վերջին «Գրեմմի»-ի մասին, որով Էմինեմին, ընդ որում, հնարավոր չէ զարմացնել…

Սակայն երեկոյի սենսացիա դարձավ կորեացի ռեժիսոր Պոն Չժոն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը։ Սոցիալական դրաման «Օսկար»-ի արժանացավ չորս, ըստ էության, գլխավոր անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։

Պոն Չժուն Հոն բեմից իր ձևավորման համար շնորհակալություն հայտնեց կինեմատոգրաֆիայի վարպետներին, ըստ էության, անվանակարգում իր մրցակիցներին՝ Մարտին Սկորսեզեին և Քվենտին Տարանտինոյին։ Դահլիճը ծափահարում էր հոտնկայս։ Առաջին անգամ օտարերկրյա ֆիլմը ստացավ կիոնաակադեմիայի ամենաբարձր մրցանակը։

Տաղանդավոր ու համակրելի Բրեդ Փիթը վերջապես ստացավ իր առաջին դերասանական «Օսկար»-ը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։

Նկատենք, որ պայքարը հեշտ չէր. անվանակարգում Փիթի մրցակիցներին էին Ջո Պեշին և Ալ Պաչինոն, որոնք խաղացել են «Իռլանդացին» ֆիլմում, Էնթոնի Հոփկինսը, ինչպես նաև Թոմ Հենքսը։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Խոակին Ֆենիքսը Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմում դերի համար։ Բեմում նա ծայրահեղ լուրջ էր և ի տարբերություն իր կինոհերոսի՝ գրեթե չէր ժպտում։ Խոսում էր սոցիալական արդարության, այն մասին՝ ինչպես չենք կարողանում պաշտպանել աշխարհը, որում ապրում ենք և սիրո ամենափրկիչ ուժի մասին։ Մի խոսքով, ամենի մասին, ինչ ցանկանում էր ասել իր հանճարեղ դերով:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լորա Դերնն «Ամուսնական պատմություն» ֆիլմում աշխատանքի համար։

Նրա հետ անվանակարգում առաջադրված էին Սքարլեթ Յոհանսոնը («Ջոջո ճագարը»), Մարգո Ռոբին («Մի անգամ Հոլիվուդում»), ինչպես նաև Քեյթ Բեյթսը («Ռիչարդ Ջուելի Գործը») և Ֆլորենս Պյուն («Փոքրիկ կանայք»)։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ ստացավ Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլում Ջուդի Հարլենդի դերի համար:

Լավագույն օպերատորական աշխատանքի համար արձանիկը ստացել է Ռոջեր Դիքինսը «1917» ժապավենի համար։ Այս դեպքում այլընտրանք չկար, այդպես էլ պետք է լիներ…

Լավագույն մոնտաժ է համարվել աշխատանքը «Ford-ն ընդդեմ Ferrari» ֆիլմում, որը մրցանակի է ստացել նաև լավագույն ձայնային մոնտաժի համար… Անվիճելի հաղթանակ, համաձայնեք։

Զարմանալի է, բայց Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն իր առաջին «Օսկար»-ը ստացավ լավագույն երաժշտության համար։ Մրցանակը ստացել է Հիլդա Գուդնադոութիրը, որին արդեն մեծարել են բազմաթիվ մրցանակաբաշխություններին, այդ թվում «Ոսկե գլոբուս»-ին և «Գրեմմի»-ին։ Նա հեղինակել է նաև աղմուկ հանած «Չեռնոբիլ» սերիալի երաժշտությունը։

Էլթոն Ջոնը մրցանակ է ստացել լավագույն սաունդթրեքի համար՝ «(I’m gonna) love me again», «Rocketman» ֆիլմի համար։ Սեր Էլթոնն, ինչպես միշտ էքսցենտրիկ տեսք ուներ. իր մանուշակագույն հագուստով, տարբեր գույների կոշիկներով ու փայլուն վարդագույն ակնոցով ավելի շատ տոնածառի խաղալիք էր հիշեցնում։

Ամփոփելով կարելի է ասել, որ այսօրվա «Օսկար»-ը կարելի է աննախադեպ համարել։ Մի կողմից վեց անկանակարգում առաջադրված կորեացի կինեմատոգրաֆիստների հաղթանակը, մյուս կողմից՝ ամերիկյան կինոյի լիակատար ձախողումը։ Այնպիսի վարպետների աշխատանքներից ոչ մեկը, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն («Իռլանդացին»), Քվենտին Տարանտինոն («Մի անգամ Հոլիվուդում»), Սեմ Մենդեսը («1917») ու Թոդ Ֆիլիփսը («Ջոկեր») ռեժիսորական մրցանակ չստացավ։ Երկորորդական անվանակարգերը հաշիվ չեն։ Արդյոք դա նշանակում է, որ կինոակադեմիան նոր նշաձող է սահմանել, չենք ստանձնի ասել, բայց այս նախադեպը բազմաթիվ ոչ ամերիկացի վարպետներին հույս է տալիս, որ նրանք ևս մի օր կարող են բարձրանալ «Dolby» թատրոնի բեմ և ոսկե արձանիկ ստանալ գլխավոր անվանակարգում․․․

Աղբյուրը՝ Style.news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ