Հուլիսի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել Աթենքի գագաթնաժողովում։ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակը։
«Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության վրա։ Այդ ամբողջ ընթացքում մենք առերեսվել ենք մի շարք խնդիրների հետ` կապված բնակչության հարաճուն տագնապների, լարվածության և համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների, ակնկնալիքների և սպասումների հետ:
Համավարակի հայտարարման առաջին ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ, ինչը նույնպես որոշակիորեն մեղմել է իրավիճակը: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերի մեջ ընդգրկված քաղաքացիները:
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեբուժական կլինիկաներում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները, որոնց տագնապներն ու լարվածությունները կապված են եղել իրենց հարազատների հետ հանդիպելու կամ տեսակցելու անհնարինության հետ:
2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են մեր նախնական մտավախությունները` փաստելով, որ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ: Հետազոտության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ սթրեսի պատճառներից մեկն արժանահավատ տեղեկատվության հասանելիության և տեղեկացվածության անբավարար մակարդակն է:
Կարծում եմ` տեղին է նշել, որ համավարակի առաջին իսկ օրերից ապատեղեկատվությունը լրջագույն բացասական ազդեցություն է թողել հանրային վտանգը կանխելու առումով. մարդիկ հեշտությամբ հավատում էին ոչ ճիշտ լուրերին, ոչ մասնագիտական, հաճախ դիլենտատական մակարդակի կարծիքին ու մեկնաբանություններին: Արդյունքում` թերագնահատում էին պարզագույն պաշտպանիչ միջոցների օգտագործումը և համատարած հրաժարվում դրանք կիրառելուց:
Հետազոտությունը ցույց տվեց, որ պաշտոնական լրատվամիջոցներին հետևող բնակչության մոտ սթրեսի մակարդակը նշանակալի ցածր է եղել:
- Հերթական նորարարությունը՝ առողջապահությունում. նախարար
- Առողջապահություն նախարարությունը հայտարարություն է տարածել
Ներկայումս իրավիճակն այլ է. COVID-19–ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից, Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով: Միաժամանակ, մենք վստահ ենք, որ ընթացող տեղեկատվական աշխատանքների արդյունքում կկարողանանք հաղթահարել այս խոչընդոտները:
Ելույթի վերջում կցանկանայի միջազգային առողջապահական հանրությանը տեղեկացնել, որ Հայաստանի համար խիստ կարևոր է մինիմալիզացնել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի բացասական ազդեցությունները, մասնավորապես` հոգեկան առողջության խնդիրները` դասելով դրանք Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթություններում։ Մենք լիովին ապահովված ենք այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կառուցվածքային, մարդկային և տնտեսական ռեսուրսներով:
Շնորհակալ եմ ուշադրության համար»: