fbpx
Քաղաքականություն

Ծպտյալ համայնքապետերի հոգեվարքը

Նախընտրական Հայաստանը հետաքրքիր ներկապնակ դարձավ, որը բացահայտեց մոտ 3 տարի շարունակ իրենց քաղաքական դիմագիծը թաքցրած, և հնարավորինս չնկատվելու գործելաոճ որդեգրած համայնքապետերի համար։ Թավշյա հեղափոխությունը վենդետաներ չկիրառելու որոշում կայացրեց՝ այն հույսով, որ նշված անձիք ներքուստ կընդունեն արժեքների հեղափոխությունը, և արժանապատիվ կյանքով կապրեն նոր Հայաստանում։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք ոչ միայն չեն ներում իրենց «էլիտայի» անձեռնմխելի կարգավիճակից իջեցնելու և բեսպրիդելը օրինականությամբ փոխարինելու կառավարության գործելակերպը, այլ նաև թաքուն երազ ունեն, որ մի օր իրենց «տանիք» հանդիսացած վերնախավը դարձյալ կզավթի իշխանությունը։

Հետաքրքրական է, որ այս երազանքով ապրող համայնքապետերն ու գյուղապետերը 2 խմբի են բաժանվում․ մեկը՝ առուշ-առուշանյանական տեսակն է, որ բացահայտ հակաիշխանական լինելու քաջություն է խաղում, մյուսը, որը երևի թե ավելի նողկալի է՝ ծպտյալ հակաիշխանականներն են, որոնք 3 տարի շարունակ փորձել են պահպանել իրենց՝ նեղ համայնքային իրականության մեջ լայն հնարավորությունների միջոց հանդիսացող աթոռը, հնարավորինս չեզոք կեցվածք ընդունել՝ ժողովրդին բարեպաշտորեն ծառայելու իմիտացիայով։ 

Իսկ այժմ, երբ խաղն արդեն հասել է խաղաքարտերը բացելու փուլին՝ կեղծ բարեպաշտները հանում են իրենց անտեսանելի դարձրած դիմակներն ու հարմար դիրքավորվում իրենց քաղաքական հայրերի ճամբարներում։

Նմանօրինակ համայնքապետերը շատ են, բայց անդրադարձի առիթը տվեց Տավուշի մարզի Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը։ Մարդ, ով քաղաքապետի պաշտոնին հասավ նախկին՝ մերժված օլիգարխիկ կլանի հանրապետական կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանի ձեռամբ, ով տարիներ շարունակ լինելով մարզից «ընտրված» պատգամավոր՝ համայնքը դարձրել էր մենաշնորհային իշխանության անձեռնմխելի գոտի, որից մեծապես տուժած համայնքային բնակչությունը առ այսօր նողկում է գագիկ-մելիքյանական բարքերից և իր մաշկի վրա զգում 2018-ի հեղափոխությունը՝  նաև հենց դրանից ազատվելու շնորհիվ։

Եվ եթե մինչև վերջերս Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը գոնե շարքային քաղաքացու աչքում իշխանության ներկայացուցիչ էր, ով սերտորեն աշխատում էր համապետական իշխանությունների հետ և համայքային զարգացման ծրագրեր իրականացնում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի՝ Բերդ կատարած այցի ընթացքում լիովին պատռեց իրեն քողարկած դիմակը։

Քաղաքային հրապարակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը համայնքապետը ներկա չգտնվեց գոնե ֆորմալ անհրաժեշտությունից ելնելով։ Ավելին՝ հին ձեռագրով՝ ինչպես պարտադրում էին համայնքային ենթակայության վարչական անձնակազմին (համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզների և այլ կառույցների կոլեկտիվներին) ներկա գտնվել նախկին ղեկավարների հանրահավաքներին, ճիշտ նույն կերպ էլ վերոնշյալ անձնակազմերին հրահանգավորվել էր չմասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը։

Այն, որ համայնքապետը և նրա քաղաքական հայրերը քոչարյանական երակներից են սնվում՝ գաղտնիք չէ համայնքի բնակչություն համար (հատկապես փոքր բնակավայրերում դժվար է թաքցնել նման իրողություները)։ Բնակչության համար գաղտնիք չէ նաև այս կլանի ունեցվածքի, դրանց կուտակման ճանապարհների մանրամասները, իսկ ժողովուրդն իսկապես իմաստուն է և ոչինչ չի մոռանում։

Չնայած համայնքապետի և նրան սատարողների կեղտոտ գործելաոճին՝ Բերդի հանրահավաքը բազմամարդ էր՝ անգամ եղանակային վատ պայմանների պարագայում։ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու կոնտակտը հանրության հետ կայացավ բարձր մակարդակով․ ընդ որում՝ արդեն պարզ է, որ ներկա հանրությունը սովորական քացաքացիներն էին, ովքեր հրապարակ էին եկել սեփական ցանկությամբ։

Սա քաղաքական նոնսենս է, երբ վարչական ռեսուրսը ենթակա է ընդդիմությանը, և ավելին՝ այդ նույն ընդդիմությունը դեռ մեղադրում է իշխանություններին՝ ընտրապայքարում վարչական ռեսուրս կիրառելու մեջ։

Հարություն-մանուչարյանական տեսակը հեղափոխության պարազիտ միավորներն են, որոնք երեք տարի շարունակ ստվերում դիմադրել են հեղափոխությունը, իսկ լույսում՝ «հեղափոխված» խաղացել՝ խարխլելով պետությունը ներսից, և հող նախապատրաստելով նախկինների վերադարձի համար։

Եթե 2018-ի հեղափոխությունը ձեր նմաններին արժանապատիվ ապրելու շանս էր տվել, ապա այս ընտրությունով ժողովուրը ձեզ պատմության աղբանոցը կնետի արդեն անվերադարձ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ