fbpx
Կառավարություն

Ցուցարարները դատարկ աթոռ են բերել կառավարության բակ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ Կառավարության բակում հավաքված երիտասարդներն այսօր՝ նոյեմբերի 14-ին, իրենց հետ բերել էին դատարկ աթոռ։

Երիտասարդները բացականչում են «Արայիկ, հեռացիր»։ Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներն էին՝ «ինձ լեզուն է հայ պահել», «ազգային և առաջադեմ կրթություն», «Արայիկ, go home» գրություններով։ Նրանց հայտարարեցին, որ այսօր իրենց են միանալու նաև «Ապրիլյան պատերազմի մասնակիցների դիրքապահ» հկ անդամները։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, թե Արայիկ հարությունյանը չի տիրապետում իրավիճակին․ «Ձեր կողմից առաջ տարվող թեզը, որ սա նեղ խմբի պահանջ է, պարզապես ջախջախված է։ Բացեք Ձեր աչքերը, Արայիկ Հարությունյա՛ն, Դուք մոռացել եք՝ Ձեզ ով է բերել իշխանության և մոռացել եք, թե ով կարող է հեռացնել իշխանությունից։ Դուք պետք է զիջեք նախարարի աթոռը։ Դուք ստում էիք, երբ հայտարարում էիք, որ կառչած չեք աթոռներից, Դուք կառչած եք Ձեր աթոռից»։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով նստացույց հայտարարած՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են անցկացնում կառավարության առջև:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այս օրը նրանք բողոքի ցույց էին անցկացնում «Կառավարության նիստն առանց Արայիկ Հարությունյանի» կարգախոսով, որտեղից երթով շարժվել էին դեպի նախարարությունների շենք և անժամկետ շուրջօրյա նստացույց սկսել: Երիտասարդները համաձայն չեն նախարարի վարած քաղաքականության հետ, այն բնորոշում են որպես ապազգային: Արդեն մեկ շաբաթ է՝ բոլոր աշխատանքային օրերին երիտասարդները գիշերում են նստացույցի վայրում:

Նրանց բողոքին դեռ մեկ շաբաթ առաջ միացել էին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետի՝ դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծից: Նրանք վերջին երեք օրերին բողոքի իրազեկման երթեր էին անցկացնում Երևանի փողոցներով՝ այն ավարտելով նստացույցի վայրում: Դասադուլը դեռ շարունակվում է:

Աղբյուրը՝ News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ