Ինչպես արդեն տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։
- Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
- Ամեն ինչ անելու ենք, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը․ ՊՆ նախարարի տեղակալ
«Նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից», – ասված է ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։