Օրերս ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունը համատեղ գործողությամբ զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող նյութեր պարունակող թիթեղյա տարա:
Արդյունքում, ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի աշխատակիցները պարզել են, թե ով է թմրամիջոցը ստացող անձը և ում պետք է փոխանցվեր այն: Երևան քաղաքի տարբեր հատվածներից ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Հ․Մ․-ն և Ա․Ի․-ն, ովքեր ենթարկվել են անձնական խուզարկության: Նրանք տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Վարույթն իրականացնող մարմինը նաև խուզարկություններ է կատարել ձերբակալվածների բնակության վայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթին հետաքրքրող այլ առարկաներ:

