fbpx
Իրավական

2 մլն դոլարանոց գույքը ԴԱՀԿ-ի աճուրդում գնել են 10 հազար դոլարով․ գնորդը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կազմակերպած էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։ «Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Երևանում գտնվող 1 միլիարդ դրամ արժողությամբ գույքը վաճառվել է ընդամենը 5 միլիոն դրամով։

Էրեբունի վարչական շրջանում գտնվող 4.5 հեկտար մակերեսով հողի վրա կառուցված ձավարեղենի արտադրամասի գնորդը Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձն է՝ Արա Հակոբյանը։

ԴԱՀԿԾ-ի՝ 70 անգամ կազմակերպված աճուրդում թանկարժեք գույքի գինը 200 անգամ նվազեցվել է և վաճառվել բազմաթիվ կասկածելի գործարքներով։

Գույքի օտարմանը զուգահեռ մի շարք պատմություններ են տեղի ունեցել, որոնք վկայում են, որ նախապես ծրագրված սխեմա է գործել։ Դրան մասնակցել են Պողոսյանի հետ կապ ունեցող տարբեր անձինք և ընկերություններ։

Վերջնարդյունքում Միհրան Պողոսյանի ազգականի անունով գրանցված «Կեչառիս հոթել» ՍՊ ընկերության տնօրենն այսօր փորձում է սեփականաշնորհել իր, այսպես ասած, ձեռքբերումը։

Թե ինչ մեխանիզմներով է նախկին պաշտոնյան կարողացել անխոչընդոտ տիրանալ թանկարժեք գույքին, կիմանաք «Հետք»-ի նոր հետաքննությունից։

Երևան քաղաքի Այվազովսկու 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասն ու հարակից շինությունները 1999 թ.-ին հարկադիր աճուրդով գնել, ապա տարածքում բիզնես գործունեություն է ծավալել քաղաքացի Արմեն Ստամբոլցյանը։ Նրա բիզնես գործունեությանն աջակցել է ընտանիքի բարեկամ, ՌԴ-ում գործարարությամբ զբաղված Ստեփան Ասոյանը։ Մինչև 2006 թ.-ը գործարանում ալյուր է արտադրվել, տարածքի որոշ մասն էլ վարձակալությամբ է տրվել։

Արմեն Ստամբոլցյանի խոսքով, երբ 2003 թ.-ին 3000 տոննա ցորեն են ձեռք բերել (մոտ 900 հազար դոլար արժեքով) ալյուր ստանալու համար, իրավապահները սկսել են ստուգումներ իրականացնել գործարանում։ Առգրավել են փաստաթղթեր, որով խոչընդոտվել է նրանց գործունեությունը։ Ստամբոլցյանը հասկանում է, որ բիզնեսը վտանգի տակ է։ Այդ ժամանակ հայտնվում է «Ջոս» ռեստորանի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանը և առաջարկում գնել գործարանը։ Կանխավճար է տալիս՝ մեքենա և ցորեն, ապա առաջարկում գույքը գրավադնել բանկում, վարկ վերցնել, շրջանառել բիզնեսում, ապա նոր՝ գույքի առքուվաճառք իրականացնել 200 հազար դոլարով։

Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը Մհեր Ավետիսյանի գույքերի հետ միասին Ավետիսյանի հորը պատկանող «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավ են դնում ղազախական կապիտալով Հայաստանում գործող «ԲՏԱ Բանկ»-ում (այժմ չի գործում, իրավահաջորդը «Հայէկոնոմբանկն» է)։ Բանկը գույքերի գրավով ՍՊԸ-ին ընդհանուր 3 միլիոն դոլար վարկ է տրամադրում։ Ընկերությունը, սակայն, չի կատարում վարկային պարտավորությունները։

Այդ ժամանակ՝ 2008 թ.-ին, Պետեկամուտների կոմիտեն է դատարան դիմում՝ «Նոր տուն» ՍՊԸ-ից 26 միլիոն դրամ չվճարած ԱԱՀ-ն և դրա նկատմամբ հաշվարկված 55 միլիոն դրամ տույժը պետբյուջե բռնագանձելու պահանջով։ Նույն տարում ՊԵԿ-ի հայցը բավարարվում է։ Բռնագանձում կատարելու համար գործն ուղարկվում է ԴԱՀԿ ծառայություն։

Բացի դրանից, 2010 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ն է դիմում դատարան և պահանջում «Նոր Տուն» ՍՊԸ-ից բռնագանձել 4.7 միլիոն դոլար գումար, որից 3 միլիոն դոլարը վարկի մայր գումարն էր։ 2011 թ.-ին դատարանը բանկի հայցը բավարարել է։

ԴԱՀԿԾ-ի կողմից գույքի օտարման մասին մանրամասները կարող եք կարդալ «Հետք»-ի էջում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ