fbpx
Իրավական

Դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ  դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

Նա ակցիայի մասնակիցներին հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Գլխավոր դատախազն այս պահին զբաղված է, չի կարող հանդիպել ձեզ հետ, բայց ասեմ, որ մենք զբաղվում ենք այդ հարցով, այսօր մեր միջնորդությունը մուտք կլինի»,- ասաց Մուրադյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ խնդիրը լուծում կստանա մինչև նոր տարի:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ սպասելու են այնքան ժամանակ՝ մինչև իրենց հետ կհանդիպի ՀՀ գլխավոր դատախազը: Նրանք նշեցին, որ 20 րոպե ժամանակ են տալիս գլխավոր դատախազին իջնելու և դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպելու, նրանց հարցերին պատասխանելու համար: «Եթե դա տեղի չունենա, Էջմիածնում խմբեր կան, որ պատրաստ են Երևան-Էջմիածին մայրուղին փակել, Էջմիածնում փողոցներ փակել»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ