Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 5 նոր երկրների հետ: Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի խոսքով, այս տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Պակիստանի, Սողոմոնյան կղզիների և ևս երեք երկրների հետ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը ներկայումս դիվանագիտական հարաբերություններ ունի 185 երկրների հետ։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումն այս տարի շարունակվել է։ Դեսպանություններ են բացվել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում։ Նշվեց նաև, որ ՀՀ դեսպանությունների համար անշարժ գույք է ձեռք բերվել 2023 թվականին՝ Լոնդոնում, 2024 թվականին՝ Փարիզում, իսկ այս տարի արդեն՝ Բրյուսելում։ Միրզոյանը նշեց, որ այս գույքերի վերանորոգման աշխատանքները շարունակվում են։
Արարատ Միրզոյանը անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է ինտենսիվ երկխոսություն ունենալ Թուրքիայի հետ։ Նա ընդգծեց, որ այս գործընթացը դրական է գնահատում և հույս ունի, որ առաջիկայում կկայացվեն շոշափելի պայմանավորվածություններ։
Այս հայտարարությունների խարապատկերին կարեւոր հարց է մնում, թե ներկա կառավարությունը որքանով կարող է պաշտպանել Հայաստանի պետական շահերը։ Արտաքին հարաբերությունների կառուցման նախորդ տարիների փորձը մեծ կասկածներ է հարուցում, որ ներկա վարչակազմն ի վիճակի է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացը պահել Հայաստանի պետական շահերի ծիրում։

