Քաղաքապետարանը կապ չունի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեք հարկանի կիսակառույց հյուրանոցի երկու հարկն ապօրինի է կառուցված։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։
«Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև ձեր հյուրանոցի կառուցումը կասեցված է ձեր հարևանի օգնությամբ, որը դիմել է դատարան և դատարանը որպես հայցի բավարարում կասեցրել է այդ շինարարությունը։ Քաղաքապետարանն այստեղ բացարաձակ կապ չունի»,-ասել է Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը ցանկանում է օր առաջ ազատվել կիսակառույց շինություններից, որպեսզի փոշին քաղաքից անհետանա։
Նա նշեց, որ հանվել է նաև այն շինթույլտվությունը, որով կառուցել են այդ հյուրանոցը։
«Այս պահին կառուցված է 3 հարկ, այնինչ թույլտվությունը Տարոն Մարգարյանի կողմից տրված է մեկ հարկի կառուցման համար, այսինքն՝ 2 հարկը կառուցվել է ապօրինի»,-ասաց քաղաքապետը։
Հայկ Մարությանն անդրադարձել է նաև Աբովյան քաղաքում իրականացվող սոցիալական շինարարությանը.
«Հայտարարվեց, թե ուզում ենք Երևանում նույնպես իրականացնել այդ ծրագիրը, սակայն Երևանը չի ուզում։ Ես տեսնում եմ այդ հաղորդագրությունը, զանգում եմ ԲՀԿ-ից իմ գործընկերոջը՝ Արման Աբովյանին և ասում՝ եղբայր, մեզ մոտ այդպիսի դիմում չկա, եթե այդպիսի ցանկություն կա, շատ ուրախ ենք, խնդրում եմ՝ մի հատ կազմակերպեք, դիմում գրեք ու եկեք քննարկենք։ Երկար ժամանակ այդ դիմումն էլ չէր գրվում, հետո վերջապես գրվեց՝ իմ օգնությամբ։ Վերջը գրեցին, բերեցին, մերոնց ասացի՝ վայրկյանական պատասխանեք, հետաքրքիր բան է, մերոնք պատասխանում են՝ եկեք քննարկենք. առ այսօր ոչ մի ընթացք, այսինքն՝ կորան ու կորան, չկան»։