fbpx
Կառավարություն

Էական ենք համարում մարզաբնակ կանանց մասնակցությունը բոլոր գործընթացում. փոխնախարար

«Միացյալ Նահանգներում քսանից ավելի պետական գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների հետ ենք հանդիպել, քննարկել ենք և՛ քաղաքականության մշակման, և՛ ծառայությունների տրամադրման գործընթացները։ Այս տեսանկյունից դիտարկված թեմաները շատ բազմազան են, որովհետև առանցքում կարիքավոր ընտանիքներին տրամադրվող աջակցության սխեմաներն են, աղքատության հաղթահարման և բռնության ենթարկված անձանց վերաբերյալ մոտեցումները, նաև՝ երեխաներին տրամադրվող ծառայությունները»,- ամփոփելով ԱՄՆ կատարած աշխատանքային այցը՝ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա արդյունավետ է համարել սոցիալական աշխատանքի ոլորտում մասնագիտական կրթության առանձնահատկությունների ու չափորոշիչների, «պարենային բանկի» և պարենային կետերի ստեղծման վերաբերյալ քննարկումները։ Նախարարի տեղակալը հատկապես տպավորված է Քեմբրիջի Ոստիկանությունում կիրառվող՝ բարձր ռիսկայնության դեպքերի պարագայում բարձր ռիսկի գնահատման խմբի գործարկման մոդելի արդյունավետությունից․

«Տարբեր պետական գերատեսչություններ և հասարակական կազմակերպություններ ներգրավված են մի խմբում, որը առնվազն ամիսը մեկ պարբերականությամբ քննարկում է տվյալ տարածքում տեղի ունեցած բռնության խնդրահարույց դեպքերը։ Այն շարունակական վերահսկողություն է իրականացնում այդ դեպքերի վերաբերյալ և արդյունքում՝ վերջին տարիներին որևէ կնասպանության դեպք չէր գրանցվել՝ այն պարագայում, երբ բնակիչների թիվը քաղաքում 700․000-ից ավելի է»։

Նախարարի տեղակալը հաջողված է որակել պետություն-հասարակական սեկտոր փոխհամագործակցության ու հարաբերությունների հարթակի աշխատանքը։ Նա կարևորել է հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների գործընթացի իրականացումը՝ նշելով, որ նախարարությունն այս տարի նույնպես սկսել է նման սկզբունքով աշխատել․ արդեն իսկ կան մի շարք հայտարարված մրցույթներ։ Եվ այս տեսանկյունից օգտակար է եղել տեսնել այդ փորձառությունն ու հասկանալ, թե ինչպես է կազմակերպվում այդ գործընթացը, ինչ ռիսկեր կան, մոնիթորինգի ինչպիսի մեխանիզմներ կան։

«Հետաքրքիր փորձ էր հանրային առողջապահության կոնտեքստում սոցիալական աշխատանքի, և, առհասարակ, սոցիալական գործոնների հաշվի առնումը։ Նույն առողջապահական հաստատություններում գործում է պարենային բանկ, որտեղ բոլոր այցելուները, ովքեր ունեն սննդի խնդիր, կարող են օգտվել։ Կամ օրինակ՝ ինչպես են բժիշկներն ուղղորդում սոցիալական խնդիրներ ունեցող հիվանդներին դեպի սոցիալական աշխատանքի ոլորտ։ Ըստ էության, սոցիալական աշխատանքը շատ ներդաշնակ կերպով ինտեգրված է այդ միջավայրում և օգնում է առողջական խնդիրների շատ ավելի արդյունավետ կարգավորմանը»։

Մասաչուսեցում Ժ․ Անդրեասյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչներին, ներկայացրել նախարարության քաղաքականությունն ու առաջնահերթ ծրագրերը, նաև քննարկել համագործակցության հեռանկարները։ Ներկայացվել է կանանց հզորացմանն ուղղված ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել կանանց ներգրավվածությամբ թեմատիկ ցանցերի գործունեությունը բիզնեսում, առողջապահության, գիտության ոլորտներում և այլն։ Նախարարի տեղակալը կարևորում է նաև այն, որ ծրագիրը կօգնի փոխել այն արմատացած պատկերացումը, որ միայն Սփյուռքը կարող է օգնել Հայաստանին և գործընթացը կվերածի փոխադարձաբար օգտակար պրոցեսի, որտեղ կանայք կարող են սովորել միմյանցից, զարգանալ՝ միմյանց աջակցելով և փորձի փոխանակմամբ։

«Մենք էական ենք համարում մարզաբնակ կանանց մասնակցությունն այս գործընթացում, ովքեր հնարավորություն կունենան շփվել, կիսել իրենց փորձառությունը, քննարկել համատեղ ծրագրեր ու համագործակցության հնարավորություններ։ Կարծում ենք, որ այս ցանցերը կարող են մեծ հեռանկար ունենալ, կարևոր հարթակ լինել Սփյուռքում ու Հայաստանում՝ կանանց տեսանելիությունը բարձրացնելու տեսանկյունից և հնարավորություն կտան օգտագործելու առկա ներուժը։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ իրականում այդ գործընթացը կանանց միջոցով է, սակայն միայն կանանց համար չէ․ սա գործընթաց է, որի արդյունքում շահելու է հասարակությունը»։

Նախարարի տեղակալը արդյունավետ և օրինակելի է համարել նաև առողջապահական հաստատություններում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ծառայությունների գաղափարը, բռնության ենթարկված երեխաներին կամ ընտանեկան բռնության ականատես դարձած երեխաներին ուղղված տարաբնույթ ծառայությունների տրամադրումը, սոցիալական աշխատանքի կրթության կազմակերպումն ու սոցիալական աշխատողների վերապատրաստման հնարավորությունները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ