fbpx
Քաղաքականություն

ԵՄ առաքելության գալը մեր որոշումն է, Մոսկվայի մտահոգություններին իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել. ԱԽ քարտուղար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը շուտով Ադրբեջանին կփոխանցի խաղաղության տեքստի իր տարբերակը։ Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է աշխատել այդ փաստաթղթի վրա։

«Այս պահին չեմ կարող ասել՝ այդ փոխանցումը ինչպես կլինի։ Խաղաղության պայմանագիրը նրա համար է, որ ամեն ինչ հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակություն վրա, մենք կողմ ենք նաև, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր վերջին երեք տարվա փորձը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև. «Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա: Դրան անդրադարձ կարող է լինել միջազգային խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում»:

Անդրադառնալով հարցին՝ այս պահին մշակվող խաղաղության փաստաթղթում հիշատակություն կա՞ Լեռնային Ղարաբաղի մասին, թե՞ ոչ, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ։ Ես հասկանում եմ, որ հնարավորինս հստակ բաներ են ակնկալում մեզնից լրագրողական համայնքն ու հանրությունը, բայց ես էլ ակնկալում եմ, որ կհասկանաք մեզ, քանի որ դա բանակցային գործընթաց է, և հայտնի մոտեցում կա, որ բանակցություններում, եթե ինչ-որ բան համաձայնեցված չէ, ուրեմն ոչ մի բան համաձայնեցված չէ։ Մենք համաձայնվել ենք, որ Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, բայց սա դեռ վերջնական չէ»։

Խոսելով ԵՄ առաքելության Հայաստան ժամանելու և դրա վերաբերյալ Մոսկվայի արձագանքի մասին՝ Գրիգորյանը նկատեց՝ Եվրամիության քաղաքացիական առաքելության հետ կապված ոչ ոք ՀՀ-ին որևէ բան չի պարտադրել, իսկ Մոսկվայի փոխարեն նրանց հնչեցրած մտահոգություններին չի կարող բացատրություն տալ։

«Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել, առաքելությունը հայկական կողմի որոշումն է եղել, դրա ժամանումը փոխկապակցված է մեր փորձի հետ։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակում է եղել, հաշվի առնելով, որ գործող անվտանգության երաշխիքները չեն աշխատում՝ հայկական կողմը հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որ որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծվի։ Ես չեմ կարող պատասխանել Մոսկվայի փոխարեն իրենց մտահոգություններին։ Մենք Մոսկվայի գործընկերների հետ քննարկում ենք այն հարցերը, որոնք գոյություն ունեն, բացատրում ենք, թե ինչու ենք այս քայլերը կատարել»,- ասաց նա։

Խոսելով նաև հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին, հատկապես Մարգարայի կողմից, որով հայկական կողմը հումանիտար աջակցություն է ուղարկել երկրաշարժից տուժած երկրին՝ ԱԽ քարտուղարը հիշեցրեց՝ դրա հետ կապված ՀՀ-ի մոտեցումն է ցանկացած պահի սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ