fbpx
Կրթություն

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։

«Խորհրդանշական այս փաստը վկայում է, որ նախարարությունը կարևորում է ծրագրի՝ Հայաստանի բուհերի կարողությունների հզորացմանն ուղղված նախագծերը։ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգն այժմ մտնում է արմատական բարեփոխումների փուլ. շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի բարձրագույն կրթության արագընթաց զարգացման համար։ Կատարելագործվում են հավատարմագրման գործընթացները, լայն հնարավորություններ են ստեղծվում համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար, մեծ փոփոխություններ են նախատեսվում բուհերի ֆինանսավորման և կրթական համակարգի արդիականացման ու միջազգայնացման ուղղություններով։ Էրազմուս+ ծրագրի նախագծերը կարող են էապես խթանել այդ բարեփոխումների իրագործումը»,-նշել է նախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ հենց երիտասարդներն են պատասխանատու երկրի ապագայի համար, և շատ կարևոր է աջակցել նրանց ու պայմաններ ստեղծել, որ կարողանան իրենց ուսումը շարունակել արտերկրում, ապա աշխատել Հայաստանում և զարգացնել երկիրը: «Էրազմուս+ ծրագիրը նպաստում է նաև ուսանողների և դասախոսների շարժունակությանը: Մենք երկխոսության քաղաքականություն ենք վարում և բազմաթիվ ծրագրեր ենք տրամադրում Հայաստանին, և սա, իրոք, բեկումնային ձեռքբերում է, որովհետև ՀՀ կառավարությունը մեծապես ներգրավված է այս գործընթացներում»,-նշել է ԵՄ դեսպանը՝ կարևորելով երիտասարդների աշխատունակության բարձրացման և ցկյանս կրթության հարցերը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության և իսպանական 13 համալսարանների պատվիրակությունը. նրանք ներկայացրել են Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձը:

Նշենք, որ ամեն տարի Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` 184 երկրի տասնյակ հարյուրավոր բուհերի և կազմակերպությունների համար, որոնք կարող են ներկայացնել իրենց հայտերը և ծրագրերը: Այս տարի ևս միջոցներ կտրամադրվեն էրազմուս+ ծրագիրը ֆինանսավորող 34 երկրների և գործընկեր 150 պետությունների, որոնց թվում է նաև Հայաստանը:

Ամենամյա Տեղեկատվական օրերը Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվության տարածմանը միտված միջոցառումների շարք են, որոնք տրամադրում են Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորությունները։ Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվում են Էրազմուս+ ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2020թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման ամփոփիչ մրցույթում։

Երկօրյա միջոցառման ընթացքում հանրությունը կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին։
Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված կլինի հայ-իսպանական կոնտակտային նիստին, որը կանցկացվի նոյեմբերի 8-ին` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ