fbpx
Սպորտ

Երբ դուրս եմ գալիս դաշտ, ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար․ Տիգրան Բարսեղյան

«Աստանա»-ի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմել է իր նպատակների ու հաջողության հասնելու իր բանաձևի մասին.

«Ինձ լավ ընդունեցին թիմում. ես նրանց էի ճանաչում, նրանք էլ` ինձ: Իհարկե միասին չէինք խաղացել, բայց եղել էինք մրցակիցներ: Ինձ բոլորը գիտեին: Ես հարգում էի բոլորին, իրենք էլ`ինձ: Ոչ մի խնդիր չի եղել:

Ամեն ինչ գլխում է: Եթե դու ցանկանում ես հասնել քո նպատակներին, ուրեմն պետք է աշխատես, հավատաս քեզ, քանի որ ինչպես Կոբի Բրայանտն է ասել, եթե դու քեզ չհավատաս, ոչ ոք չի հավատա»,-ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Բարսեղյանը խոսել է նաև իր նախկին ու ներկայիս թիմերի միջև տարբերությունների, ամեն խաղում գոլ խփելու իր ցանկության ու «Աստանա»-ի կազմում իր առաջին գոլի մասին.

«Ես պարզապես ցանկանում էի ինչ-որ բան հաղթել: Ու դրա համար արել եմ ամեն հնարավոր ու անհնարին բան: Հայրս ֆուտբոլիստ է եղել: Հետևում է իմ խաղերին, ասում է` ինչ անել, ինչպես անել: Ես էլ լսում եմ իրեն, դա նորմալ է:

Դեռ չեմ կարող ասել, թե «Աստանա»-ի ու «Կայսար»-ի մեջ ինչ տարբերություններ կան: Նոր մարզիչ ունենք, նա ուրիշ փիլիսոփայություն ունի:Պետք է ադապտացիոն շրջան անցնենք: Դեռ չգիտեմ` ինչ մարտավարությամբ ու ինչ սխեմայով ենք խաղալու:

Երբ դուրս եմ գալիս դաշտ, ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար: Նշանակություն չունի գոլ կխփեմ, թե գոլային փոխանցում կկատարեմ: Չնայած ցանկանում եմ ամեն խաղում գոլ խփել: Դա իմ աշխատանանքն է, կոպիտ ասած: Ասում են` տարին ինչպես սկսես, այնպես էլ կշարունակես: «Աստանա»-ի կազմում անցկացրած առաջին խաղում շատ էի ցանկանում գոլ խփել, Աստված օգնեց ինձ ու գեղեցիկ գոլ խփեցի»,- ասել է Տիգրան Բարսեղյանը:

Տիգրան Բարսեղյանն իր նախկին թիմի` «Կայսար»-ի դեմ առաջին հանդիպումը կանցկացնի Ղազախստանի Սուպերգավաթի խաղում, որը կկայանա փետրվարի 29-ին.

«Արդյոք սկզբունքայի՞ն խաղ կլինի. չեմ կարող ասել: Ամեն դեպքում առանձնահատուկ խաղ կլինի: «Կայսարին» օգնել եմ նվաճել Ղազախստանի Գավաթը, իսկ հիմա Ղազախստանի չեմպիոն «Աստանային» եմ օգնելու նվաճել Սուպերգավաթը: Բարդ է, բայց սա ֆուտբոլ է: Մենք այսօր այստեղ ենք, վաղը` մեկ այլ տեղ: Երբեք չգիտես`ինչ կլինի: Շնորհակալ եմ «Կայսարի» ամբողջ թիմին, երկրպագուներին: Եթե նրանք չլինեին, ես այսօր հաստատ այստեղ նստած չէի լինի: Հայաստանի առաջնությունում խաղացել եմ հորս թիմի դեմ, ու ամեն ինչ արել եմ, որ հաղթենք ու մենք հաղթել ենք:

Դաշտում չկան ընկերներ, հարազատներ կամ բարեկամներ»,- ասել է Տիգրան Բարսեղյանն ու ցույց տվել նաև իր խաղակոշիկները` «Ալլադին» մուլտֆիլմի ու Ջինի պատկերով.

«Նա ամեն ինչ անում է: 3 ցանկություն ունեմ»,- եզրափակել է իր խոսքը Տիգրան Բարսեղյանը:

Աղբյուրը՝ Armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ