fbpx
Քաղաքականություն

Էրդողանի այցը Ստամբուլի Հայոց պատրիարքարան պետք է նկատել և վերլուծել․ Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Էրդողանի՝ մի պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ այցելությունը Ստամբուլի հայկական պատրիարքարան և պատրիարխ Սահակ Մաշալյանի հետ կես ժամանոց հանդիպումը (ռուսալեզու թուրքական կայքից հղումը մեկնաբանության մեջ է) ես չէի թերագնահատի, որքան էլ որ այն մի տեսակ աննկատ անցավ հայկական մեդիաներում։

Պատերազմի վերջին 20 օրերի ընթացքում ես ինձ անընդհատ հարց էի տալիս․ ի՞նչ է մտածում Էրդողանը հայերի մասին, երբ ադրբեջանական բանակի գործողությունները ղեկավարող թուրք գեներալները, գուցե անձամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը, նրան զեկուցում են հայ զինվորների, հայկական բանակի սխրանքների մասին, թե ինչպես են շատ ավելի վատ զենքերով դիմադրում նորագույն զինատեսակներով զինված, թուրք սպաներով և հազարավոր ջիհադիստներով համալրված ադրբեջանական բանակին։ Վստահ եմ, որ նրան զեկուցում են ամենայն մանրամասնությամբ նաև այն, որ ստիպված են թմրանյութեր տալ իրենց դաշնակից բանակի խաժամուժին՝ «քաջություն», իսկ իրականում՝ անզգայություն ապահովելու համար, ստիպված են լեզգիներին և թալիշներին առաջ մղել, որպես ավելի խիզախների։

Արդյո՞ք իրեն տարածաշրջանի ալֆա սամեց համարող, գերտերությունների ղեկավարների վրա ձայն բարձրացնող և թուրք ազգի մասին հայտնի կարծիք ունեցող մեկին այդքանից հետո դուր է գալիս թե ում է նա հռչակել որպես արյունակից եղբայր։ Մի ժողովրդի, ով հայերի հանդեպ եռակի գերազանցություն, անսպառ ֆինանսական ռեսուրսներ և նման կողմնակի աջակցություն ունենալով հանդերձ՝ ոչ միայն չկարողացավ մի քանի օրում ճեղքել ճակատը, այլ արդեն մեկ ամիս է չի կարողանում շոշափելի հաջողություն արձանագրել, իսկ ձգձգված պատերազմը ամեն հաջորդ օր ավելի մեծ գլխացավանք է դառնում Թուրքիայի համար։

Արդյո՞ք նրա մտքով չի անցնում, որ եթե այսպիսի վատ զենքերով և քիչ թվաքանակով հայերը կարողանում են այսպես կռվել, ուրեմն ինչ կլինի երբ նրանք մի օր լավ զինված լինեն և ունենան ավելի մեծաթիվ և մարզված բանակ։ Արդյո՞ք Էրդողանը այսպիսի կարծիքի էր մի ժողովրդի մասին, որից նա մինչ այժմ, թերևս, միայն ցեղասպանվածի ողբ և թույլի պահանջներ է լսել՝ միջնորդավորված երրորդ, մշտապես սեփական շահերով առաջնորդվող երկրների խորհրդարաններով, և որի 90-ականների հաղթանակները Արցախում իր «եղբայր» Ալիևը իրեն ներկայացրել է՝ պայմանավորելով բացառապես ռուսական չեղած աջակցության, անգամ մասնակցության հետ։

Ես նաև չգիտեմ, թե ինչ լեզվով է նրա հետ խոսել Պուտինը հեռախոսով։ Ընդհանրապես, մեզ համար շատ կարևոր է հասկանալ հզոր պետությունների միանձնյա կառավարիչ դիկտատորների լեզուն։ Այն միշտ չէ դիվանագիտական։ Հատկապես երբ խոսքը գնում է զառամյալ դիկտատորների մասին, որոնք իրենց կորչող ֆիզիոլոգիական ուժը փորձում են փոխհատուցել իշխանության հզորությունը տղամարդկայինի սուբլիմացնելու անուրջներով։

Սա, բնավ, այն տեսակը չէ, որը կարող է հարգանքի արժանանալ քաղաքակիրթ, ամբողջական մարդկանց մոտ։ Սակայն այս տեսակի հոգեբանությունը հասկանալն ու այն հաշվի առնելը շատ կարևոր է։ Մանավանդ երբ նրանք կարող են մեծ՝ թե՛ դրական և թե՛ բացասական ազդեցություն ունենալ քո, քո երկրի վրա։ Այս տեսակի հետ այլ լեզվով է պետք խոսել։ Թեկուզ որպես թշնամու՝ այդ լեզուն պահանջում է շրջահայացություն և հարգանքի դրսևորում, անգամ իրականում նման հարգանքի բացակայության դեպքում։

Մենք ուզենք թե չուզենք, վաղ թե ուշ ստիպված ենք լինելու թուրքերի հետ լեզու գտնել։

Էրդողանի այցը Ստամբուլի Հայոց պատրիարքարան պետք է նկատել և վերլուծել։ Գուցե նա հայ պատրիարքի միջոցով նաև ուղերձ է փոխանցել հայկական իշխանություններին։ Էլ ո՞ւմ միջոցով պիտի դա աներ՝ եթե մի օր դրա կարիքն զգար։ Պետք է նաև վերլուծել և հասկանալ, թե ինչը կանխեց Գարո Փայլանի ձերբակալությունը, որի հնարավորության մասին ահազանգում էր ինքը Գարոն։

Երբ մենք հաղթենք այս պատերազմում, մենք պետք է լուրջ մտածենք թուրքերի հետ մեր հարաբերությունների մասին, բայց դրա համար այսօրվանից պետք է հող նախապատրաստենք, նշաններ թողնենք։ Թուրքիան, ինչպես համոզվեցինք, չափազանց լուրջ սպառնալիք է, բայց ոչ անհաղթահարելի և ոչ էլ՝ անշրջելի։ Ես, օրինակ, և կարող եք ինձ կախաղան հանել դրա համար, կմտածեի ապագայում Թուրքիայի հետ առնվածն նույն անվտանգության համակարգում՝ ՆԱՏՕ-ում հայտնվելու տարբերակների մասին։ Դա չի նշանակում, բնավ, որ պատրանքներ ունեմ, թե հնարավոր է թուրքի հետ դաշնակից լինել։ Եվ ոչ էլ դա նշանակում է հրաժարվել մեր հիշողությունից։ Բայց այնպես էլ չէ, թե մենք, գոնե թուրքերի մի մասի հետ, ոչ մի ընդհանուր բան չունենք։ Վերջին գենետիկ հետազոտությունները՝ վկա։ Մինչդեռ թուլացող Ռուսաստանի պայմաններում ուզենք թե չուզենք պետք է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորենք, մինև որ տեսնենք ինչ է լինում նույն Թուրքիայի հետ։

Մեզ անվտանգ դադար է պետք՝ զարգանալու, զինվելու, հզորանալու, պնդանալու համար։ Գոնե մեկ անգամ պետք է թուրքերից խելացի գտնվենք։ Իսկ մինչ այդ ոչ մի հակաթուրքական կոալիցիա՝ իր հույներով, կիպրոսցիներով, եգիպտացիներով ու Ծոցի արաբներով երբևէ չի գալու հայերիս համար պատերազմի թուրքերի դեմ։

Մտածենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ