ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-15-ը Երևանում կանցկացվեն «Կինոարտադրողների համահայկական ֆորում» և «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագրերը:
Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, ամրապնդել և ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը, ձևավորել ժամանակակից մտածողություն՝ համաշխարհային կինոարտադրությանը ինտեգրվելու համար։
Այս նպատակով Հայաստան են ժամանել միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ և կմասնակցեն քննարկումներին:
Ֆորումի օրակարգում ներառված են մասնագիտական դիսկուրսներ՝ Հայաստանում եղած կինոարտադրության ռեսուրսների, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների, միջազգային համագործակցության, կրթական մեթոդների մրցունակության, հայկական կինոարտադրանքի տարածման վերաբերյալ:
«Կինոարտադրողների համահայկական ֆորումի» շրջանակում կներկայացվեն 2019 թվականին պետական աջակցություն ստացած, զարգացման և արտադրական փուլի լիամետրաժ կինոնախագծերը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ և հեռանկարային համագործակցություն գտնելու նպատակով, ինչպես նաև «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագրով կներկայացվեն անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:
Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար:
Անցկացման վայր՝ ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Մելիք Ադամյան 2/2:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։