Նովակ Ջոկովիչը խոսել է իր առաջընթացին նպաստած գործոնների մասին:
«Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ կարո՞ղ էի դառնալ քաղաքական գործիչ: Ես ամեն ինչ, յուրաքանչյուր աշխատանք կատարում եմ նվիրվածությամբ, ազնվությամբ և պատասխանատվությամբ՝ դրան տալով իմ ամբողջ ժամանակը:Ես չգիտեմ էլ՝ ինչպես է հնարավոր աշխատել առանց նվիրվածության:
Միշտ փորձում եմ հնարավորինս լավ ներկայացնել երկիրս: Սերբիայից մարդկանց հետ շփումն ինձ նոր մոտիվացիա է հաղորդում: Բայց ես չեմ ցանկանում սահմանափակվել միայն իմ երկրով. պետք չէ սիրել միայն հայրենիքդ և ատել մյուսներին, պետք է սիրել ամբողջ աշխարհը:
Բոլորն էլ գենետիկ հիշողություն ունեն: Հավատում եմ, որ կոնկրետ վայրում և ժամանակում ծնվելու համար հստակ պատճառներ կան: Անխոս, իմ սլավոնական արմատներն ազդել են առաջընթացիս վրա: Ես մեծացել եմ ռմբակոծությունների ժամանակ, դրա համար հաջողության հասնելու համար ստիպված եմ եղել պայքարել կրկնակի»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է L’Equipe-ը: