Եվրոպական պետություններն Իրանին կոչ են անում պահպանել միջուկային համաձայնագիրը՝ ընդծգելով, որ չկա առավել հուսալի և խաղաղ այլընտրանք: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միջուկային համաձայնագիր է, որն աշխատում է և իրականացնում է իր առաջ դրված խնդիրները: Չկա առավել հուսալի ու խաղաղ այլընտրանք»,- հայտարարել է ԵՄ-ում ՄԱԿ-ի դեսպան Ժոաո Վալե դե Ալմեյդան ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ժամանակ:
ՄԱԿ-ի քաղաքական բաժնի ղեկավար Ռոզմարի դի Կառլոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ իրանական նավթ ներմուծող որոշ երկրների պատժամիջոցներից ազատելու հետաձգումը չերկարաձգելու որոշումը կարող է խանգարել միջուկային գործարքի իրականացմանը:
Նրա խոսքով՝ իր պարտավորությունների մի մասին դադարեցման մասին Իրանի հայտարարությունը նույնպես չի նպաստի համաձայնագրի պահպանմանը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելատրը զգուշացրել է, որ գործարք դադարեցումը կնշանակի «վտանգավոր քայլ և կհանգեցնի անորոշության ու տարածաշրջանում լուրջ հետևանքների»:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան իր հերթին նշել է, որ Մոսկվան ցանկանում է, որ Իրանը մնա գործարքում, ինչպես նաև ԱՄՆ-ին մեղադրում ազդանշաններ ուղարկելու համար:
«Մենք լսում ենք պնդումներ, որ ոչ ոք Իրանի ռեժիմի փոփոխություն չի ցանկանում, սակայն, միևնույն ժամանակ, տեսնում ենք ազդանշաններ ոչնչացման և նոր պատժամիջոցների սահմանման մասին: Նման ազդանշաններն անդառնալի իրավիճակի կարող են հանգեցնել»,- ասել է Նեբենզիան: