Հայաստանի բարձրլեռնային շրջանում հնագետները Երկաթե դարաշրջանում մահացած կնոջ գերեզման են հայտնաբերել: Դատելով կմախքի հետազոտությունից՝ նա կարող էր ռազմիկ լինել, որի մասին հիշատակել են հին հույները։ Այս մասին գրում է հեղինակավոր Forbes պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում բարգավաճում էր Ուրարտուի թագավորությունը: Սերտորեն կապված լինելով Միջերկրածովյան խոշորագույն կայսրությունների հետ՝ Ուրարտուն մշակութային յուրահատուկ միջավայր է ունեցել, որտեղ առանցքային տեղ են ունեցել որսորդությունը, ռազմական և առևտրային տնտեսությունը: Սակայն անկոչ հյուրերին, ինչպիսիք են սկյութները, որոնք ձգտում էին նվաճել բարձրլեռնային աշխարհը, հաճախ հակահարված էին տալիս Ուրարտական թագավորության բնակիչները:
Այս տարածաշրջանում կմախքի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ուրարտական մարտիկները եղել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Հնէամարդաբանության բնագավառի ուսումնասիրություններին նվիրված միջազգային ամսագրում հրապարակված հոդվածում հայ հետազոտողների խումբը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խուդավերդյանի ղեկավարությամբ, մանրամասն ուսումնասիրություններ է անցկացրել Լոռու մարզի գերեզմանոցում հայտնաբերված կմախքի վերաբերյալ:
2017 թվականին հայտնաբերված կմախքը թաղված է եղել կերամիկական անոթների և զարդերի հետ միասին, որոնք թվագրվում են մ.թ.ա. 8-6-րդ դարերին: Հիմնվելով ոսկորների հետազոտության վրա՝ հնագետները հանգել են այն եզրակացությանը, որ գերեզմանում թաղված կինը կարող էր 20 տարեկան լինել:
Forbes-ի հաղորդմամբ՝ չնայած նրան, որ թանկարժեք իրերի պատճառով սկզբում ենթադրվում էր, որ կինը բարձրաշխարհիկ ծագում ունի, ամուր և վնասված ոսկորների զննությունից հետո հետազոտողները սկսել են կասկածել, որ նա նույնպես ռազմիկ է եղել:
Կնոջ մարմնի վերին հատվածի ոսկորներն առավել քան ամուր են եղել, որը խոսում է ֆիզիկական ակտիվության մասին, հայտնել են հետազոտողները:
«Նրա ազդրային ոսկորները նույնպես լավ զարգացած էին, հնարավոր է՝ կապված կոնկրետ ռազմական գործողությունների հետ, ինչպիսիք են ձիարշավը»,- ենթադրում են հետազոտողները:
Ի լրումն այս ամենի, կնոջ ձախ ծնկին հայտնաբերվել է երկաթե նետի սայրի պատկերով վնասվածք: Խուդավերդյանը և մյուս հետազոտողները կարծում են, որ այդ վերքը հասցվել է ինքնաշեն զենքից, որն անտիկ ժամանակներում հաճախ կիրառվել է պատերազմի և որսի ժամանակ:
Նրա կմախքի մյուս երեք վնասվածքները, ըստ երևույթին, հասցվել են նրա մահվան ժամանակ և, հավանաբար, նպաստել են նրա մահվանը, հայտնել են հետազոտողները: Նրա ձախ ազդրին և աջ ազդրին հայտնաբերվել են կտրվածքների հետքեր, ձախ սրունքը նույնպես վնասված է եղել:
«Ըստ երևույթին, նա մահացել է ճակատամարտում»,- հայտնել են հետազոտողները:
Հայկական լեռնաշխարհի այլ վայրերում գտնվող զինվորական գերեզմաններում նույնպես նմանատիպ վկայություններ են հայտնաբերվել: Ինչպես նշում են հնագետները, Քարաշամբ գյուղի մոտակայքում հայտնաբերվել են առնվազն հինգ տղամարդ զինվորականների գերեզմաններ։
«Հավանական է թվում, որ Կովկասի ցեղերի մեջ իսկապես կին մարտիկներ են եղել»,- ենթադրում են նրանք՝ եզրակացնելով, որ իրենց «ընթացիկ բացահայտումներն իսկապես հասստատում են իսկական կին մարտիկների գոյությունը, որոնց կյանքը համապատասխանում էր հունական առասպելներում Ամազոնյան ցեղի նկարագրություններին»:
Աղբյուրը՝ Tert.am
