Գազի գինը չի բարձրանա մինչև ապրիլի 1-ը․ Մհեր Գրիգորյան

Ամենադիտվածներ

Հայաստանում սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ապրիլի 1-ից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի, թե տնտեսության համար»,-ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին՝ արդյոք հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասաց՝ եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով:

«Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,-նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով նաև այն թեմային, թե արդյո՞ք Հայաստանը բանակցում է այլ երկրների, օրինակ Իրանի հետ՝ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով, Գրիգորյանը պատասխանեց, որ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են։

«Եվ ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք՝ այդ թվում այլ երկրների հետ, գուցե ոչ ուղղակի, բայց էներգետիկ համակարգում որոշակի ձևով՝ այո»,-ասաց փոխվարչապետը:

Ամենաթարմ