Գերմանիայում ընթանում է գագաթնաժողով, որին մասնակցում են Լիբիայում երկարատև քաղաքացիական պատերազմի առանցքային դերակատարները՝ նպատակ ունենալով զսպել արտասահմանյան ռազմական միջամտությունը, ամրապնդել հրադադարի ռեժիմն ու օգնել քաղաքական գործընթացը վերականգնելու հարցում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը հանդիպել է 12 երկրների առաջնորդների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ղեկավարների հետ:
Գագաթնաժողովի մասնակիցներից են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հանդիպմանը ժամանել են նաև միմյանց հակազդող Լիբիայի միջազգայնորեն ճանաչված վարչապես Ֆաիզ Սարաջն ու Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Հաֆթարը:
Գերմանիան մտադիր է ջանքեր գործադրել Լիբիայում հրադադարի ուղղությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի և Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամի օգնությամբ:
Այդուհանդերձ, նշում է գործակալությունը, գագաթնաժողովի արդյունքները դեռևս հայտնի չեն: Ի սկզբանե հայտնի էին գագաթնաժողովի մասնակիցների մոտեցումների միջև տարբերությունները, որոնցից մեկը Էրդողանի հայտարարությունն էր, որ աշխարհին չի հաջողվել արձագանքել Հաֆթարի «անխոհեմ հարձակումներին»: