fbpx
Խորհրդարան

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ. ամփոփում

Հ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով և ապրիլի 16-ը սահմանել որպես Հայ կինոյի օր: Նախատեսվում է, որ տոնական օրը կլինի աշխատանքային: Ապրիլի 16-ն ընտրված է, քանի որ, ինչպես նշել է համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը, 1923 թվականի այդ օրն է հիմնադրվել «Պետկինոն», որը հետագայում՝ 1966 թվականին, վերանվանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի: Նաիրա Զոհրաբյանը փաստել է, որ թեև ապրիլի 16-ը որպես տոն նշված չէ հայկական տոնացույցում, այնուամենայնիվ, հենց այդ օրն է Հայաստանի Ազգային կինոակադեմիան անցկացնում հայ կինոյի միակ՝ «Անահիտ» մրցանակաբաշխությունը, այդ օրն են անցկացվում բազմաթիվ միջոցառումներ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը:

Նախագիծը հարակից զեկույցում դրական է գնահատել և ընդունումը կարեւորել հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը:

ՀՀ Կառավարության բացասական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը:

Տարբեր էին նաև հանձնաժողովի անդամների տեսակետները. պատգամավորների մի մասն անհրաժեշտ էր համարում ունենալ Հայ կինոյի օր, մյուսները կարծում էին, որ բավարար է նաև այն, որ դեկտեմբերի 28-ին միջազգային հանրությունը, որոնց թվում նաև Հայաստանը, նշում է Կինոյի միջազգային օրը:

Քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կառաջարկվի ընդգրկելու ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով արգելվում է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի՝ աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն, կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը: Կարգի խախտման դեպքում նախատեսվում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հեղինակի տեղեկացմամբ՝ փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չի փոփոխվել, քանի որ չեն եղել առաջարկներ: Նա իրազեկել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո արդեն նկատելի են արդյունքները. շատ ընկերություններ արդեն իսկ հեռացրել են իրենց ծառայությունները գովազդող հայտարարությունները:

Փաթեթը կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել երեք` Կրթության և գիտության, Մշակույթի, հայրենադարձության և սփյուռքի հետ կապերի, սպորտի և երիտասարդության, Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագծին, որի նպատակը հանձնաժողովի աշխատանքն առավել դինամիկ և օպերատիվ դարձնելն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ