Մշակույթ

25 օր բողոք․ Գոյ թատրոնի աշխատակիցները պահանջում են անկախություն

protest

«Գոյ» թատրոնի աշխատակիցներն արդեն 25 օր է՝ նստացույց են անցկացնում թատրոնի մուտքի մոտ՝ պահանջելով պահպանել թատրոնի անկախ գործունեությունը։ Նոյեմբերի 7-ից թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացնում՝ ԿԳՄՍ նախարարությանը կոչ անելով առաջարկել միջանկյալ լուծում, որը թույլ կտա «Գոյ» թատրոնին շարունակել իր գործունեությունը՝ մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից վերջնական որոշման ընդունումը։

Վարչական դատարանը նոյեմբերի 25-ին և 26-ին լսել է «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորման վերաբերյալ գործը, սակայն որևէ որոշում չի ընդունվել։ Արդյունքում, թատրոնի անձնակազմը շարունակում է նստացույցն ու պահանջում վերանայել կառավարության որոշումը։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը պետք է միավորվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Սակայն «Գոյ» թատրոնի դերասանական և ստեղծագործական կազմը կտրականապես դեմ է այդ միավորմանը՝ նշելով, որ ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը որպես առանձին, անկախ թատրոն։ Նրանք այս որոշումը վիճարկում են դատարանում՝ պնդելով, որ ստեղծագործական ազատությունը պետք է պահպանվի։

Բողոքի ակցիայի հիմնական պահանջն է՝ «Գոյ» թատրոնը պահպանել որպես անկախ թատրոն, որտեղ աշխատակիցները կունենան ստեղծագործելու և սեփական տարածքում հանդես գալու իրավունք՝ առանց վարչական կամ պարտադրված միավորման սահմանափակումների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ