fbpx
Խորհրդարան

Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու համար տուգանքի բարձրացման նախագիծը չի քննարկվի ԱԺ-ում

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով, մասնավորապես, առաջարկվում էր տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում արդեն իսկ նշանակված տուգանքի չափը բարձրացնել: Նախագիծն օրակարգ ընդգրկելու քվեարկությանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, դեմ՝ 82, ձեռնպահ՝ 12-ը:

Էնֆիաջյանի խոսքով՝ նախաձեռնությունը բացառապես մեկ միտում ունի․ կանխարգելել նման անցանկալի դրսևորումները:

«Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա նշեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ուսումնասիրելով,  իրենք կարծում են, որ էական զսպող մեխանիզմներ պետք է ունենան, ուսումնասիրել են ԵԱՏՄ փորձը, միջազգային փորձը:

«Նախագծի հռետորաբանության հետ կապված կառավարության կողմից որպես այսպիսին մերժում չկա, համակարծիք են, բայց նշում են, որ կա այլընտրանքային նախագիծը: ԲՀԿ-ի պատգամավորների կողմից մի քանի նախաձեռնություններ ևս կան, որոնց հետ կապված ևս նշվում է, որ խնդիր չկա, սակայն կառավարությունն էլ ունի իր նախագիծը: Կարծում եմ, որ հիմնախնդիրը դահլիճում քննարկելու հնարավորությունը պետք է ընձեռվի»,-նշեց նա:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը ժամանակավրեպ և ընդունելի չէ այսօր:

«Ունենք արդեն համապարփակ մեծ փաթեթ, այսպես կոչված տուգանային միավորների ներդրման նախագծերի փաթեթը, և դա ընդլայնված կարգավորում է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի մի շարք իրավահարաբերություններ և նոր քաղաքականություն է մտցնում՝ վարչական տուգանքների կիրառման պրակտիկայում»,-ասաց նա՝ ներկայացնելով փաստ, որ տուգանային միավորների կիրառման համակարգի փաթեթում առավելագույն տուգանքը սահմանված է 29 հազար դրամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ