Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է լուռ հետևել Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրավիճակին։
Արդեն տևական ժամանակ է ինչ Ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել Հայաստանի ինքնիշխան տարածք, սադրում են՝ պահանջելով, այն ինչ չի պատկանում իրենց։
Վարչապետը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով նամակներով դիմել էր ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին, սակայն ՀԱՊԿ-ի ձեռնարկած գործողությունները չեն բավարարում հայկական կողմին։
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի սահմանային իրավիճակի մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելն առաջին օրերից եղել է և շարունակում է մնալ քննարկման առարկա։
«Այնտեղ ուղղակի նրբություններ կան, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած՝ նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:
Երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

