Իտալացի Մաքսն ու հայուհի Մարիամը ոչ միայն իրար են գտել , այլև իրենց համար բացահայտել են Գյումրին ու ամուսնությունից հետո տեղափոխվել են այստեղ ապրելու։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Գյումրու կենտրոնում տուն են գնել ու հիմա ապրում են ու որոշել են բիզնեսով զբաղվել։ «Konje Lazia» անունը կրող դեռ փոքր զբոսաշրջային ու դիզայներական կենտրոն են բացել ու արդեն իրենց ձեռքի առաջին գործերն են վաճառում։ Չեն հասցրել հին տունը նորոգել, բայց դա չի խանգարում հետաքրքիր գործեր ստեղծելուն, վաճառքում կանացի ու տղամարդու տարբերվող վերնաշապիկներ են, որոնց վրա Գյումրու տեսարժան վայրերն են ու հայկական հետաքրքիր նախշեր ու բառեր, կտորե տոպրակներն ու բարձերն էլ, վստահ են, կգրավեն զբոսաշրջիկներին։

Մաքս Ֆլորիանին Վերոնայից է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի այցելությունից ոգևորված ասում է՝ Գյումրին իր համար աշխարհի ամենաձգող վայրերից մեկն է, որտեղ ապրելն այնքան հաճելի է։ Ֆլորիանի ամուսիններն հավատում են Գյումրու զբոսաշրջային ներուժին ու հավաստիացնում, որ իրենք այդ գործում իրենց ներդրումն ունենալու են։

