fbpx
Քաղաքականություն

ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները արխայիկ պատկերացումների մեջ են

Վերջին ժամանակներում շատ է խոսվում արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին։

Ինչպես քսան-երեսուն տարի առաջ, այնպես էլ այսօր այդ առաջնահերթությունները մնում են արխայիկ պատկերացումների մեջ։ Պետական դիվանագիտությունը մենք վերածել ենք գաղթօջախներին բնոշոր էթնիկ սովորությունների պահպանման էմոցիոնալ գործնեության, ինչը ոչ միայն լուրջ խնդիրներ է առաջացնում արտաքին աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու առումով, այլև լրջագույն ազդեցություն է ունենում հանրային ընկալումների վրա՝ հատկապես ժամանակակից աշխարհը ճանաչելու տեսանկյունից։

Մենք վաղուց պետք է հասկացած լինեինք, որ, երբ ազգը ստանում է պետականության որակ, ազգային խնդիրները անխուսափելիորեն պետք է տեղավորվեն պետական շահերի տրամաբանութան մեջ։ Չի կարելի առանձին վերցրած սահմանել ազգային խնդիր ու այն հակադրել պետական շահ կոչվածին։

Բազմիցս ենք լսել, թե ինչպես են ազգային պահպանողականության դիրքերից հանդես եկող, Հայաստանի պարագայում գավառական պատկերացումներով քաղաքական միավորները մշտապես պնդել ու պնդում, որ մենք ունենք ազգային շահեր, որ վեր են ամեն ինչից։ Այս ամենը վաղուց դարձել է պետական քաղաքականության կոնցեպտ, ինչը համերաշխորեն ընդունում է քաղաքական դաշտի մեծ մասը՝ անկախ գաղափարական տարբերություններից։ Սա խոսում այն մասին, որ մենք ունենք այնպիսի ամուլ համակարգ, որտեղ արտաքին քաղաքականության մասով չկան հայեցակարգային մոտեցումներ։

Հիմա եկեք հասկանանք, թե որոնք են այդ ազգային խնդիրները, որոնց շուրջ էլ պտտվում է հայկական դիվանագիտության ողջ պոտենցիալը։

  • Ցեղասպանության ճանաչման հարց.

Շատ բնական է, ու ոչ մի առարկելի բան չկա այս հարցում։ Այն, որ ցեղասպանությունը պետք է միջազգայնորեն ճանչվի, ոչ մեկը չի հերքում․ ընդհակառակը, բոլորն էլ ցանկանում են, որ աշխարհի բոլոր երկրները ճանաչեն այդ եղեռնագործությունը։ Ցանկությունը՝ ցանկություն, բայց այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք այն վիճակում ենք, որ նման հարցը դարձնենք մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սա ոչ միայն բուն հարցի մասով անարդյունավետ ճանապարհ է, այլ նաև շատ լուրջ խնդիրների առջև կարող է կանգնեցնել պետությանը։

Մենք այսօր ոչ թե առաջնահերթություն պետք է համարենք պատմական արդարության հաստատումը, այլ, առաջին հերթին, պետք է մտածենք էմոցիոնալ հարթությունից դուրս ինտեգրացիոն քաղաքականության մասին։ Աշխարհը բազմաբովանդակ է, բայց այն գլոբալ առումով մի մեծ կաթսա է, որտեղ մենք պետք է սովորենք և՛ տալու, և՛ վերցնելու դիվանագիտական մշակույթը։

Այսօր ցեղասպանության հարցը խոշոր խաղացողների ձեռքին դարձել է Թուրքիային ճնշելու միջոց, ինչը ոչ միայն բարոյական առումով է անընդունելի, այլև հաճախակի ծաղրելի վիճակի մեջ է դնում հայկական դիվանագիտությանը։

Աշխարհի համար մեկ պետություն համարվող ԱՄՆ-ի հետ մենք կարծես թե հիմնականում հարաբերվում ենք հենց այս կոնտեքստում․ այսինքն՝ աշխարհի զարգացման ընթացքը քաղաքականապես կառավարող տերության հետ ձգտում ենք ոչ թե ներկայի ու ապագայի կտրվածքով նյութակացնող ձեռքբերումներ ունենալ, այլ ընդամենը զբաղված ենք պատմական արդարության հաստատման քաղաքականությամբ։

  • Արցախյան հիմնահարց։

Արցախյան հիմնահարցը բնական է, որ պետք է լինի մեր արտաքին կողմնորոշումների հիմնական ցուցիչը․ սա ոչ մեկի համար բացահայտում չէ, դրա համար էլ մենք այսօր դարձել ենք ռուսական մեծապետական քաղաքականության թիրախը։ Արցախի հարցով է անցնում մեր պետական անվտանգության քաղաքականությունը։ Այսօրվա իրողությունների պարագայում նույնսիկ ամենահակառուսական ուժերը իշխանության գալու դեպքում կաշկանդված են լինելու այս հարցում։

Մենք մինչև այսօր այդ հարցի էությունը միայն տեսնում ենք ադբեջանահայկական հակամարտության տիրույթում, բայց այստեղ կա նաև մեկ ուրիշ վտանգավոր գործոն, որը շատ լավ պատկերացնում են հայաստանի բոլոր իշխանությունները, որ Ռուսաստանը ոչ թե այս հարցում ունի հիմնական միջնորդի դերակատարում, այլ հենց ինքն է պատերազմական գործողություններ հրահրելու աշխարհաքաղաքական շահառուն։

Հեղափոխությունից հետո հույս կա, որ գործող իշխանությունը կամաց-կամաց դուրս կգա նմանտիպ գործելակերպից և կսկսի այնպես վարվել, որ թե՛ ցեղասպանության հարցում, թե՛ արցախյան հիմանահարցում նվազեցնի Վաշինգտոնի ու Մոսկվայի կողմից բանեցվող մանիպուլյատիվ քաղաքականությունը։ Սա այսօր պետք է դառանա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Մենք պետք է կարողանանք տարածաշրջանում դառնալ գործոն ու արդյունավետ հարաբերություններ ստեղծենք Իրանի ու Թուրքիայի հետ՝ առանց միջնորդավորվածության։

Այո՛, անվտանգության միջազգային համակարգի մաս կազմելը ունի կենսական նշանակություն, բայց այսօր մենք այդ անվտանգություն կոչվածը ոչ թե փոխադարձ շահերի միջոցով ենք կառուցում, այլ ընդամենը, կոպիտ ասած, մուրում ենք այն։

Պետք է այնպես անել, որ աշխարհի խոշոր խաղացողները ձգտեն մեզ հետ անվտանգության համակարգ կառուցել, իսկ դա միայն մեկ պարագայում է հնարավոր․ եթե մենք դադարենք տառապել արխայիկ պատկերացումներից եկող ամլությամբ։

Գագիկ Քամալյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ