fbpx
Քաղաքականություն

Մեր դիվանագիտական դիրքերն ուժեղ են, անվտանգության երաշխիքները չկան. Ն. Այվազյան

Մենք անկախացել ենք ԽՍՀՄ-ից, ընդունել ենք ՀԽՍՀ իրավահաջորդությունը, հետևաբար ճանաչել ենք Ադրբեջանական Խորհրդային Սովետական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, և դրա հիման վրա է, որ ասվել է, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի, որովհետև ԽՍՀՄ կազմում լինելով, եղել է ինքնավարություն Ադրբեջանի կազմում։

Ես կարծում եմ, որ մի սկզբունքն առանց մյուսի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, չի կարող լինել։ Դրանց մեջ դոմինանտության խնդիրը արհեստական է, և չի պայմանավորվում աշխարհաքաղաքական վիճակներից։ Բայց իրական քաղաքականությունում երկու ճանապարհով է ստանում դոմինանտություն՝ «ուժն է ծնում իրավունք» կամ «իրավունքն է ծնում ուժ»։

Ադրբեջանն իրեն չի համարել ԽՍՀՄ իրավահաջորդ, երբ անկախացել է, այլ ճանաչել է իրեն, որպես Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, որն ունի իր հռչակած քարտեզը, սակայն այդ քարտեզից, ըստ Ալիևի հայտարարության, հրաժարվել է և Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներ չունի, ասելով՝ մենք տանկերով չենք գնալու Երևան։ Իհարկե, նրա խոսքով առաջնորդվելը սխալ է։

Սրան մի քանի բացատրություն կարելի է տալ։ Առաջինը, որ Ռուսաստանին կամ Սովետին չի ցանկանում «նեղացնել»՝ մերժելով Սովետմիության գոյությունը որպես լեգիտիմ միավորում, և երկրորդ, ավելի խճճված տեղ է տանում իրենց միջազգային հանրության կամ արևմտյան երկրների հետ բանակցություններում, որի ժամանակ սեղանին Հայաստանը կարող է լրջագույն փաստաթղթեր դնել և առաջ մղել ոչ միայն Արցախի Հայաստանին պատկանելու հարցը, այլև Արևմտյան Հայաստանի թեման։ Այսինքն Ադրբեջանը նաև չի «նեղացնում» Թուրքիային։

Իսկ ի՞նչ իրավական հիմքով է Ադրբեջանը շարժվում։ Ըստ իս, օրվա գյորա, որը մեր դիրքերը բազմապատիկ անգամ ուժեղացնում է, այլ ոչ թե թուլացնում երկարաժամկետ առումով։ Կարճաժամկետ ու ընթացիկ առումով մեր խնդիրը լոկալ բախումներն են, ոչ ավելին։ Իսկ դրանք դիվանագիտության վրա ազդում են որոշակի թեմայի մասով ու որոշակի ժամկետով։

Ռազմավարության առումով մեր դիվանագիտական դիրքերը հիմա էլ ուժեղ են, միայն թե երաշխիքներն են բացակայում, որ Ադրբեջանը հարձակման չի անցնի Արցախի տարբեր հատվածների վրա՝ պայմանավորվելով իրենց բարեկամական երկիր Ռուսաստանի հետ, որը «խաղաղապահ» գործունեություն է իրականացնում Արցախում և մերթ ընդ մերթ հանձնում է Արցախից և Հայաստանից տարածքներ ու դիրքեր, ինչպես նաև հայ ռազմագերիներ՝ ադրբեջանական կողմին (Սյունիքի դիրքեր, Խծաբերդ, Փարուխ, Հին Թաղեր և այլն)։

Այս համատեքստում Հայաստանը կարող է միայն հուսադրվել արևմտյան գերտերությունների վրա, որոնք կարող են հակազդել Ադրբեջանի բռնապետի քայլերին, ինչպես նաև ուղիղ խոսակցությունը, եթե Ադրբեջանն ունի Ռուսաստանից վազն լինելու ցանկություն (կարծում եմ ունի)։ Ինձ մոտ ամենամեծ կասկածը թերևս ՀՀ իշխանություններն են առաջացնում. արդյո՞ք իրենք ունեն վազն լինելու ցանկություն, կարողություն, խորաթափանցություն, թե ոչ։ Պաշտոնապես՝ ոչ։ Նիկոլի հայտարարությունն ուժի մեջ է՝ աշխարհաքաղաքական փոփոխություն չի լինելու։ Բայց միևնույն ժամանակ կրկնեմ, որ առանց իր ցանկության, հանգամանքների պարտադրանքով դուրս է գալու այդ ուղեծրից։

Այս ամենը հաշվի առնելով՝ մեր կողմը, եթե ցանկությունը կա և չկա ռուսական խոչընդոտ, կարող է ուղիղ շփումներում դիմել, և հենց ադրբեջանական կողմից հրապարակայնորեն ստանալ ազդանշաններ։ Ի դեպ, այդպիսի ազդանշան կարող է լինել ռազմագերիներին վերադարձնելը։ Այնուհետև, բաց խոսակցություն, որ Արցախը ագրեսիայի չի ենթարկվելու, որպեսզի կանխվի արցախյան քաղաքական էլիտայի կողմից ժամանակ առ ժամանակ ռուսական ծիրում դավադրական մտքերի գեներացիան, ու նաև ժողովրդի Ռուսաստանին ապավինելու և դրան մաս դառնալու սխալ, հակահայկական մոտեցումը, որոնք մեծ հաշվով բնական-պաշտպանական ռեակցիա են։

Ադրբեջանի բռնապետին ավելի ձեռք կտա, որ Արցախը դառնա Հայաստանի մաս, քան թե Ռուսաստանի մաս, որով կվտանգի կամ նույնիսկ կկորցնի իր անկախությունը։ Ավելին, Ադրբեջանը վտանգված է նաև այն առումով, որ եթե Արցախը, Հայաստանը մտնեն Ռուսաստանի կազմ (հիմա չար հեքիաթ է թվում դա), ապա Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես ստիպված կմտնեն, ինչպես եղել է հարյուր տարի առաջ։

Սա իմանալը մխիթարանք չի բերում մեզ և չի ապահովագրում մեր պետության ու Արցախի առաջ ծառացած ռիսկերը, բայց քաղաքական հաշվարկներում բավականին պիտանի դեր կարող է խաղալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ