fbpx
Կառավարություն

Հանդիպել են «Հայաստան» հիմնադրամի տնօրենը և նախագահ Սարգսյանը

Օգոստոսի 5-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

«Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում և լայնածավալ բնակարանաշինություն:

Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։

Նախագահ Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ծրագրերին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո, նախագահի հանձնարարությամբ, Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով: Շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ:

Նշելով, որ Արցախի, Սյունիքի համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է՝ նախագահ Սարգսյանը ասել է, որ բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար։

Կարևորելով ծրագրերի՝ պատասխանատվությամբ իրականացումը, ժամկետների խստագույնս պահպանումը՝ նախագահը գոհունակություն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ:

Հայկակ Արշամյանը նախագահ Սարգսյանին տեղեկացրել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքի մասին»,- ասվում է հաղորդագրութան մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ