ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Գավառ քաղաքի Սայաթ նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման ծրագիրն ընդունված էր 2021 թվականից, սակայն մի շարք պատճառներով այն տեղափոխվեց 2022 թվականի ծրագրերում եւ այժմ գտնվում է իրականացման ընթացքի մեջ։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 84 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 37 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 46 միլիոն 200 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը։ Նախատեսվում է հիմնանորոգել 1 կիլոմետր երկարության ճանապարհ՝ շուրջ 6 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով։ Արդեն կատարվել է առկա հողային շերտի հեռացում, այժմ ընթանում են մայթերի կառուցման աշխատանքներ: Ծրագրի պատվիրատուն Գավառի համայնքապետարանն է, կապալառուն՝ «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն:
Շինարարական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։