Բարսելոնայի համալսարանի հնագիտական արշավախումբը Եգիպտոսի Օքսիրինխոս հնավայրում իրականացված պեղումների ժամանակ բացառիկ գտածո է հայտնաբերել։ Ինչպես հաղորդում է Qazinform լրատվական գործակալությունը, 1600-ամյա մումիայի մեջ հայտնաբերվել է Հոմերոսի «Իլիական» էպոսի պապիրուսային հատվածը։ Գտածոն հայտնաբերվել է 2025 թվականի վերջին՝ Ալ Բահնասա քաղաքի մերձակայքում գտնվող №65 դամբարանում։
Պապիրուսը, որը եղել է փաթեթավորված և կնքված, տեղադրված է եղել մումիայի որովայնի հատվածում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն «Իլիականի» երկրորդ գրքի «Նավերի կատալոգն» է, որտեղ նկարագրվում են Տրոյական պատերազմի համար հավաքված հունական ուժերը։ Ծրագրի ղեկավար Իգնասի-Խավիեր Ադիեգոյի խոսքով՝ թեև նախկինում ևս մումիաների մեջ հայտնաբերվել են հունական պապիրուսներ, դրանք հիմնականում կրել են մոգական կամ ծիսական բնույթ։
«Իրական նորությունը հուղարկավորության համատեքստում գրական պապիրուս գտնելն է», – նշել է Ադիեգոն։ Այս հայտնագործությունը նոր տվյալներ է տրամադրում այն մասին, թե ինչպես է հունական գրական մշակույթը միահյուսվել եգիպտական հուղարկավորության ավանդույթների հետ հռոմեական ժամանակաշրջանում։ Կահիրեից մոտ 190 կմ հարավ գտնվող Օքսիրինխոսը հնագույն պապիրուսների ամենակարևոր աղբյուրներից մեկն է, որտեղ 19-րդ դարի վերջից ի վեր հայտնաբերվել են հազարավոր հունական գրական և վարչական տեքստեր։

