fbpx
Առողջապահություն

Բնական իմունային պատնեշ է ստեղծվում, ինչի շնորհիվ թվերը կսկսեն իջնել

Առողջապահության նախարարության՝ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը պատասխանել է Lragir.am-ի հարցերին։

Պարոն Հայրումյան, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշը շարունակում է աճել, կարծես նվազման միտումներ չկան։ Ո՞ր փուլում ենք գտնվում, երբ սպասել նվազում։

Ինձ թվում է, որ արդեն պիկի վրա ենք։ Իմ ղեկավարած «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոն դիմելիության ցուցանիշով դա նկատվում է։ Վերջին 7-10 օրերին կարծես թե թվերը մոտ են իրար, և սպասելի է, որ արդեն թվերը պետք է սկսեն իջնել։ Արդեն գիտենք, որ շատ քիչ է հավանականությունը, որ վարակվածները նորից կվարակվեն։ Որոշ ժամանակ՝ գոնե մեկ կամ մի քանի ամիս արդեն վարակված անձինք իմունիտետ կունենան։ Եվ բնական իմունային պատնեշ է ստեղծվում, ինչի շնորհիվ թվերը կսկսեն իջնել։

Ի՞նչ սպասել աշնանը, որովհետև այդ հարցն էլ է շատ հնչում։

Երբ կարդում ենք վիրուսաբանների ու համաճարակաբանների կանխատեսումները, աշնան վերաբերյալ էլի հակասական գնահատականներ են լինում։ Կան կարծիքներ, որ հիվանդությունը կարող է կրկնվել աշնանը։ Բայց մի կողմից էլ հույս կա, որ արդեն հիվանդացածները բնական իմունիտետ կունենան և դարձյալ չեն հիվանդանա։ Այդ պատճառով հնարավոր է, որ աշնանն այդքան մեծ բռնկում չլինի, ինչպես հիմա։ Երկրորդ, այս ընթացքում մի քիչ էլ ժամանակ կունենանք, որպեսզի պատվաստանյութը ստեղծվի։ Տարբեր գնահատականներով՝ տարբեր երկրներում պատվաստանյութերի փորձակումներից հետո աշնանը կամ ձմռանը հնարավոր է ունենանք պատվաստանյութ ու արդյունավետ դեղամիջոցներ։ Եվ այդ դեպքում արդեն հաստատ այսպիսի մասշտաբներ չենք ունենա։ Դժվար փուլը հիմա է, քանի որ մարդիկ և առողջապահական համակարգերը չէին սպասում այս իրավիճակին։

Մենք գիտենք, որ թեթև ու միջին ծանրության դեպքերը առաջնային պահպանման օղակի մասնագետների հսկողության տակ են։ Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսով թեթև թոքաբորբերի բուժումը տնային պայմաններում։

Թոքաբորբերի թեթև ձևերն են տնային պայմաններում բուժվում, որոնց ժամանակ հիպօքսիա չի լինում։ Իսկ հիպօքսիան որոշվում է հատուկ պուլսօքսիմետրերի միջոցով։ Այսինքն՝ այդ սարքը դնում են մատին, և եթե թթվածնի հագեցվածությունը 93-ից բարձր է, համարվում է, որ թեթեւ ձև կարող է լինել, հիպօքսիա չկա։ Եվ այդ թեթև ձևերն ընտանեկան բժիշկը բուժում է։ Եթե հիվանդը 60 տարեկանից բարձր տարիքի է, ունի խրոնիկ հիվանդություն կամ հղի է, այդ դեպքում միանշակ հոսպիտալացման ցուցում կա։ Մնացած դեպքերում թոքաբորբի թեթև ձևերի համար կազմված է ուղեցույց, որում նշված է, թե ինչ մոտեցումներով պետք է բուժել։

Քանի որ մահճակալային ֆոնդը հիվանդանոցներում շատ ծանրաբեռնված է, որոշվեց նաև այդ հիվանդներին տնային պայմաններում բուժել։

Ռիսկեր չկա՞ն, որ տնային պայմաններում բուժվող հիվանդի ինքնազգացողությունը կարող է կտրուկ վատանալ, և դրանից բխող խնդիրներ կարող են լինել։

Արդեն նշեցի, որ ռիսկային խմբերի հիվանդները միանգամից ուղղորդվում են հիվանդանոց, կարող է մի քանի ժամ ուշանա նրանց հոսպիտալացումը, մինչև համապատասխան կլինիկայում տեղ կգտնեն։ Ցածր ռիսկի խմբերի դեպքում, երբ մենք նշանակումներ ենք անում, հիվանդներին բացատրում ենք վտանգի նշանները և հորդորում ենք, որ այդ նշանների ի հայտ գալու դեպքում պետք է անմիջապես զանգել ընտանեկան բժշկին։

Ես ինքս էլ պրակտիկ բժիշկ եմ և այս ընթացքում արդեն ունցել եմ մի քանի հիվանդներ, որոնք բարեհաջող բուժվել են՝ ընդամենը մի քանի հաբեր բերանային ընդունելով։ Այսինքն՝ մենք գրեթե շուրջօրյա կապի մեջ ենք հիվանդի հետ, նրան բացատրում ենք՝ եթե հանկարծ երկու-երեք օր 38․5 ու ավելի ջերմություն ունեցավ, եթե շնչառությունը հաճախացավ, խնդրում ենք անմիջապես զանգել մեզ։ Վտանգի նշան է նաև այն, երբ գիտակցությունն սկսում է մթագնել, երբ արյան ճնշումն իջնում է, հազը շատանում է, ընդհանուր թուլությունը սաստկանում է։ Երբ նման նշաններ են լինում, մենք թթվածնի հագեցվածությունն ենք ստուգում, եթե տեսնում ենք այդ հագեցվածությունը 93 տոկոսից ցածր է, մենք ամեն րոպե պատրաստ ենք մարդուն ուղերգրել հոսպիտալացման։

Ոլորտի պատասխանատուները ասել են, որ վերջին շրջանում բարդացած դեպքերն են ավելացել։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Կոնկրետ մեր կենտրոնում, որի տնօրենն եմ ես, 4 ընտանեկան բժիշկ կա, սպասարկում ենք 6,5 հազար բնակչության։ Ես ու մյուս բժիշկները իրար հետ քննարկում ենք մեր հիվանդների տվյալները։ Մեզանից յուրաքանչյուրը վերջին 20 օրվա ընթացքում արդեն ունեցել ենք երկկողմանի թոքաբորբով 5-6 հիվանդ՝ ոչ ռիսկային խմբում գտնվող։ Նրանց բուժումները նշանակվել են, ընդամենը նշանակել ենք հաբեր՝ անտիբիոտիկ և հակահազային միջոցներ։ Նույնիսկ 7-8-րդ օրը մարդկանց ինքնազգացողության լավացում է եղել։ Արդեն պատրաստվում ենք այդ հիվանդներին մեր հսկողությունից հանել։

Այսինքն՝ եթե մարդը խրոնիկ հիվանդ չէ, ռիսկային տարիքում չէ և ունի կորոնավիրուսային թոքաբորբ, սովորաբար պոլիկլինիկաների մասնագետների հսկողության տակ գտնվելով՝ կարո՞ղ է հաբերով բուժվել։

Կրկնեմ, խոսքը միջին ծանրության ընթացքով կորոնավիրուսային հիվանդության՝ թոքաբորբ առանց հիպօքսիայի, մասին է։ Մենք արդեն այդ փորձն ունենք, այս ընթացքում յուրաքանչյուրս մի քանի հիվանդ հասցրել ենք լիարժեք բուժել։ Այնտեղ նաև այսպիսի վիճակագրություն կա՝ հաստատված է, որ թոքաբորբերի միայն 8 տոկոս դեպքերում է հանդիպում երկրորդային բակտերիալ վարակը, որը պահանջում է հակաբիոտիկներով բուժում։ Այդ դեպքում մենք նշանակում ենք հաբեր, որովհետև տան պայմաններում ճիշտ չէ կատարել երակային ու կաթիլային ներարկումներ։

Այդ թոքաբորվերի կրկնվելու հավանականություն կա՞։

Քանի որ հիվանդությունը նոր է, այդ առումով հստակ տվյալներ չկան։ Ամենայն հավանականությամբ, կրկնվելու հավանականությունը շատ փոքր է։ Բայց քանի որ հստակ չէ, դեռևս որոշ ժամանակ պետք է անցնի, այսօր  ճիշտ չի լինի ասել՝ ոչ, չեն կրկնվի այդ թոքաբորբերը։ Չինաստանում կամ այլ երկրներում եզակի դեպքեր եղել են, որ կարծես կրկնվել են, կամ կրկնակի հետազոտությունն է այդպես ցույց տվել։ Քանի որ կրկնվելու առումով հստակություն չկա, հիվանդներին խորհուրդ է տրվում շարունակել իրենց պաշտպանության միջոցները՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում, հիգիենայի կանոնների պահպանում։

Կարո՞ղ ենք ասել, որ հիվանդանոցային օղակում բուժվող բարդացած դեպքերի ավելացման պատճառը նաև այն է, որ մարդիկ չեն հավատում այս հիվանդությանը, ուշ են դիմում բժշկի։ Ի՞նչ վարքագիծ է դրսևորում բնակչությունն այս հիվանդության պայմաններում ընդհանրապես։

Սկզբնական շրջանում, ցավոք, այդ չհավատալու խնդիրը կար, որը խանգարեց ավելի լավ կանխարգելիչ միջացառումների իրականացմանը։ Սակայն ներկայում, հիվանդների այս մեծ թվերի պայմաններում, չեմ կարծում, որ դեռևս կան այդպիսիք։ Հուսով ենք, որ համատեղ ուժերով, ավելի գիտակից վերաբերմունք դրսևորելով, կհաղթահարենք այս համաճարակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ