Այսօր` հունիսի 25-ին, Ազգային ժողովում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց` ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որ հետևում է աշխարհում ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում:
«Ընդհանրապես սա ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների արձանագրում է: Այսօր ոմանք խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից. Ցույց տվեք երրորդ հանրապետության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 4-5, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից երեկո ինչքան, կներեք արտահայտությանս, քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածքում երկրով մեկ»,-ասաց նա:
Վարչապետը հավելեց.
«Եկեք նայենք, թե խոսքի ազատության ինչ մակարդակ կա ՀՀ-ում և ինչպես է այն օգտագործվում: Կառավարության նիստում ես առիթ ունեցա հիշատակել, որ երբ արտակարգ դրության հետ կապված ՀՀ-ում խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվում, ձեր քննադատությանը, ՄԻՊ-ի հորդորներին ականջալուր լինելով, նաև ելնելով այն կանխավարկածից, որ սա ի վերջո համազգային հարց է, կառավարություն-ընդդիմություն հարց չի, հանեցինք այդ սահմանափակումները:
Տեսեք թե ինչ սկսվեց դրանից հետո: Այսօրվա իրավիճակի կարևոր պատճառներից մեկը հենց դա է: Երբ ասում եք՝ ինչն ենք սխալ արել, դա ենք սխալ արել՝ ձեր հորդորներով, ժողովրդավարական կառույցների հորդորներով, որ հանել ենք այդ սահմանափակումները»,-ընդգծեց նա:

