Աշխարհ

Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները

Բաղդադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և օդ կրակել մայրաքաղաքի փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու համար, որտեղ եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել էին նախատեսված հակակառավարական ցույցերը: Այս մասին հաղորդում է AP-ը։

Բողոքները կոռուպցիայի, գործազրկության և բազային ծառայությունների բացակայության դեմ սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Բախումների ընթացքում անվտանգության ուժերը կրակել են մարտական փամփուշտներով, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ։

Բողոքները տարածվել են հարավային մի քանի նահանգներում, և իշխանությունները պարետային ժամ էին մտցրել ու մի քանի օր անջատել ինտերնետը, որպեսզի ճնշեն հուզումները։

Բռնության շաբաթից հետո երկրի մայրաքաղաքում և հարավային նահանգներում կառավարության կողմից նշանակված հետաքննությունը պարզել է, որ անվտանգության ուժերը կիրառել են չափն անցնող ուժ, ինչի հետևանքով սպանվել է 149 մարդ, վիրավորվել ավելի քան 3000-ը։ Զոհվածների մեջ անվտանգության ուժերի ութ աշխատակից կա։

Այսօր, այն բանից հետո, երբ հազարավոր ցուցարարներ անցել են Ջումհուրիա կամուրջը, որը տանում է դեպի Բաղդադի ուժեղ ամրացված Կանաչ գոտի, որտեղ ԱՄՆ դեսպանությունն ու Իրաքի կառավարական հաստատություններն են, իրաքցի ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և սկսել օդ կրակել՝ ընդվզողներին հետ մղելու համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ