Կանայք պետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն․ այդպես արդար է․ Լենա Նազարյան

Ամենադիտվածներ

Այսօր Խորհրդարանական լսումներ են կազմակերպել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք. առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը»:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երկու առաջարկ ներկայացրեց։ Նա նշեց, որ սա այն բացառիկ օրենքներից է, որի կիրարկման փորձը ինքը անձամբ ունի և իր մոտեցումները հիմնված են անձնական և գործնական փորձի վրա:

«Ես 2015-ին ՔՊ-ի համահիմնադիրներից եմ եղել, եղել եմ կուսակցության վարչության փոխնախագահ, վարչության անդամ և գործնականում պատկերացնում եմ, թե ինչպես պետք է օրենքն աշխատի, որ օգնի, որ կուսականություններում ամրանա ներքին ժողովրդավարությունը, կուսակցությունները լինեն ներառական՝ որպես քաղաքական ինստիտուտներ, լինեն կայուն, հետևողական և հաշվետու: Իհարկե, շատ բան կախված է կուսակցությունների դավանած արժեքներից, դրանց ամրությունից, հիմնադիրների սկիզբ դրած ավանդույթներից, ղեկավար կազմի որոշումներից, կուսակցության անդամների պահանջատիրությունից, կանոնադրությունից, սակայն կուսակցություններին տրված բավականին մեծ ինքնավարությամբ հանդերձ, որը պետք է պահպանվի, կարծում եմ, պետք է օրենքով ամրագրել որոշակի կանոններ ու սկզբունքներ, որոնք ընդհանուր և պարտադիր պետք է լինեն բոլոր կուսակցությունների համար»,-ասաց նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ շատ կարևոր է, թե ինչ սկզբունքներով է ղեկավարվում կուսակցությունը, որովհետև կուսակցությունները միակ մեխանիզմն են, որով քաղաքական ուժերը մասնակցում են ընտրությունների, ձևավորում խորհրդարան, կառավարություն։ Նա նշեց, որ ինքը չի հավատում, որ այն կուսակցությունը, որը չունի ներքին ժողովրդավարության կանոններ և փորձ, ստանձնելով երկրի կառավարումը՝ կարող է երկիրն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, որովհետև այդ կուսակցությունը չունի պատկերացում, թե ինչ է ժողովրդավարությունը և ինչի է այն պետք:

«Ես չեմ հավատում, որ կուսակցությունները, որոնք մերժում են ներքին ընտրությունների միջոցով ղեկավար կազմի ձևավորումը, ներքին ընտրություններով ընտրական ցուցակների ձևավորումը, երկիրը կառավարելիս կապահովեն պայմաններ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման համար»,-հավելեց Նազարյանը։

Նա առաջարկում է, որ կուսակցությունների ղեկավար պաշտոնների ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, դա կարող է երկու տարբերակով լինել՝ կամ օրենքով ամրագրել, որ կուսակցության ղեկավար կազմում լինի սեռերի ներկայացվածություն, սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրվի կուսակցությունների կանոնադրության մեջ, որպեսզի ինքնավարության հարցերի հետ կապված խնդիր չառաջանա: Շատ կուսակցություններ ինքնակամ են այս սկզբունքը ամրագրում՝ ըստ միջազգային փորձի:

Լենա Նազարյանն ասաց, որ կանայք պետք է զբաղեցնեն ղեկավար պաշտոններ, քանի որ նրանք կազմում են բնակչության կեսը, այսպես է արդար, հակառակն անարդար է: Կանայք ունեն կենսաբանական և սոցիալական գործոններով պայմանավորված տարբերվող փորձ, որը նույնպես պետք է ներկայացված լինի և՛ կուսակցություններում, և՛ ԱԺ-ում, և՛ կառավարությունում: Կանայք և տղամարդիկ տարբեր հարցերում ունեն հակասական շահեր և այդ շահերի ներկայացվածությունը կարող է հանգեցնել հավասարակշռված որոշման, հանրության բոլոր անդամների համար ընդունելի որոշման: Որպեսզի կանանց բարձրաձայնած հարցերը կուծում ստանան, նրանց ներկայացվածությունը պետք է հասնի որոշակի կրիտիկական մակարդակի, եթե կրիտիկական չէ, այն ձևական է:

Հաջորդ առաջարկը վերաբերում է կուսակցությունների ղեկավար կազմի ձևավորմանը։

«Կուսակցությունը պետք է կանոնադրության մեջ սահմանի, թե ինչ կարգով է ձևավորելու ղեկավար կազմը, ընտրական ցուցակները: Օրենքով կա կամայական գործելու որոշակի դաշտ: Հաճախ կուսակցության առաջնորդն է որոշում, թե ով լինի կուսակցության ղեկավար կազմում, ղեկավար կազմը կարող է տարիներով չփոխվել, կուսակցության ղեկավարը կամ ղեկավար կազմը որոշում է ընտրական ցուցակը, թե որ թեկնածուն որտեղ կլինի: Այդպես են կուսակցությունները կոռումպացվում, լճանում, վերածվում բիզնես կազմակերպությունների, կուսակցության անդամները սկսում են առաջնորդվել նեղ անձնական և խմբային շահերով՝ անտեսելով հանրային շահը»:

Լենա Նազարյանը նշեց, որ իր այս առաջարկներին, մոտեցումներին դեմ կլինեն այն կուսակցությունները, որոնց անդամները գաղափարական հենքով չեն հայտնվել կուսակցությունում, չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել։

«Բայց ես գալիս եմ այն մտքին, որ կուսակցություններում պետք է գաղափարական մարդիկ լինեն և նեղ անձնական շահերով չառաջնորդվեն, հակառակ դեպքում մենք առողջ քաղաքական դաշտ չենք ունենա»,-ասաց նա։

Ամենաթարմ