Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 04։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող առարկայի ներնետում։
Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և արգելագոտուց մոտ 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է փաթեթ, որին ամրացված է եղել 3 լուսարձակող կրակայրիչ՝ նետվող իրը հասցեատիրոջ կողմից հեշտությամբ հայտնաբերելու նպատակով։ Փաթեթում առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ, 0,4 գրամ քաշով 1 դեղահաբ, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 57,7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, իսկ մաստակի տուփի մեջ՝ թմրադեղ հիշեցնող սպիտակ, փոշենման զանգվածով լի 0,5 գրամ քաշով դեղին և նարնջագույն 1 պատիճ և 8 մաստակ։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում ցմահ ազատազրկման դատապարտված Լ․ Ս․-ի անվամբ կնոջ կողմից բերված հանձնուքի զննությամբ 746 գրամ քաշով թեյի տուփի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգված։
Նույն օր՝ ժամը 16։30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկում՝ պահարանի վերևի դարակից, աշխատակիցները հայտնաբերել են «Карбамазепин» գրառմամբ 87 դեղահաբ, «Спазмалгон» գրառմամբ 9, «Dimetrol» գրառմամբ 7, «Ketonal» գրառմամբ 4, «Diklofenak» գրառմամբ 1 և «Analgin» գրառմամբ 6 սրվակներ, ինչպես նաև 9 դեղահաբ։
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։