Իրանում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված ու վտանգավոր։ Այդ հսկա պետությունն այսօր կանգնած է ինչպես ներքին մարտահրավերների առաջ, այնպես էլ՝ արտաքին։ Իրանի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական տեղաշարժերը ցույց են տալիս, որ մեծ է հավանականությունը ռազմական հարվածների, որոնք կհասցվեն ԱՄՆ զինուժի կողմից առաջիկա օրերին։
Դեպքերի զարգացման այդ խորապատկերին վերջին օրերին, ԱՄՆ համապատասխան հայտարարությունից հետո, Կանադան, Հնդկաստանը, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ այլ պետություններ հանդես եկան կոչով՝ իրենց քաղաքացիներին խորհուրդ տալով անհապաղ լքել Իրանի տարածքը։ Ի դեպ, այդ հայտարարություններից որոշներում խոսվում էր այն մասին, որ քաղաքացիները Իրանից հեռանալու համար կարող են դիտարկել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները որպես ելքի ճանապարհ։
Իրադարձությունների վատթարագույն զարգացման հնարավորության մասին հունվարի 15-ին խոսեց նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ըստ Հաքան Ֆիդանի՝ Թուրքիան ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որոնք վերաբերում են բոլոր երկրներին ու հնարավոր սցենարներին եւ որ արդեն մշակված են հյուպատոսական միջոցառումներ, որոնք կօգնեն ապահովել թուրք քաղաքացիների անվտանգությունը Իրանում:
Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական Երեւանը։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 12-ին նշել էր․
«Իրանից մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում, շարունակելու ենք մեր ջանքերը՝ կապ հաստատելու համար»։ Իսկ այն հարցին, թե Հայաստանը հնարավո՞ր է քաղաքացիների տարհանում կազմակերպի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշել էր. «չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին»:
Իսկ հունվարի 15-ին, պատասխանելով Իրանում զոհված հայերի մասին հարցին, Սինանյանը նշել է․ ««Մեկ զոհ հաստատված է, կարծեմ երկրորդ զոհն էլ է հաստատված։ Ավելի մեծ թվերի մասին է խոսվում, ես էլ եմ լսել 12, 6 զոհի մասին, բայց հաստատված գիտեմ երկուսը»։
Ի՞նչ պետք է ասել, երբ տեսնում ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն լռում է (հավանաբար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումը մեծ էներգիա է խլել եւ կարիք կա մի քիչ հանգստի), իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ուղղակիորեն մատնանշում, որ իրենք ինտերնետի ու հեռախոսակապի անջատման պատճառով Թեհրանում ՀՀ դեսպանատան հետ կապ չունեն։ Պետք է ասել հետեւյալը․
Հարգելի՛ պաշտոնյաներ (Նիկոլ Փաշինյան եւ մյուսներ), դուք չեք պատկերացնում ինչ է պետությունը եւ ինչ գործառույթներ ունի այն։ Դուք չգիտեք ինչպես է պետք կապ հաստատել սեփական դեսպանատան հետ արտակարգ իրավիճակներում։ Դուք չգիտեք, որ հարեւան պետությունը տեղեկատվության փոխանակման ու ստացման առումով պետք է ամենից մատչելին լինի, քանի որ կա անցակետ ու բաց սահման։ Դուք չգիտեք, որ տեղեկատվության ստացման աղբյուրները լինում են շատ տարբեր, այդ թվում՝ արտաքին հետախուզությունը։ Դուք չգիտեք, որ ուղղակի պարտավորություն ունեք հանդեպ ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվում են արտակարգ իրավիճակներում օտար երկրներում։ Դուք չգիտեք, որ եթե այլ երկրները ՀՀ-ի տարածքով կարողանում են իրենց քաղաքացիներին տարհանել, ապա դուք առավել եւս ունեք հնարավորություն թե՛ իմանալու ինչ է կատարվում հարեւան Իրանում, թե՛ սեփական քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար։
Եւ ամենակարեւորը՝ ցավոք դուք չգիտեք, որ պետական կառավարման գործում առնվազն տգետ եք ու դա վաղուց ապացուցված փաստ է։

