fbpx
Իրավական

Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին:

Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:

Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել, որ Կառավարության այս հավակնոտ ծրագիրը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե բոլորը չմասնակցեն այդ գործընթացին՝ ուղղված բարեփոխումների շուրջ միասնական կարծիք ձևավորելուն:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ դեսպանին և Իրավաբանների հայկական ասոցիացիային միջոցառումը իրականություն դարձնելու համար:

Նախարարը, դատաիրավական բարեփոխումների համատեքստում, մասնավորապես, անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը՝ ուղղված արդարադատության մատչելիությանը: «Հայաստանում որպես փաստաբան աշխատելով՝ շատ հաճախ նկատել եմ, որ գործարար շրջանակները խուսափում են դատարանում գործ ունենալուց, որովհետև գիտեն, որ ընթացքը բավական երկար է և հաճախ ոչ արդյունավետ՝ նույնիսկ դրական արդյունքի հասնելու դեպքում: Այս խնդիրը լուծելու համար մեր ձեռնամուխ ենք եղել էլեկտրոնային գործիքների ներդրմանը, որի արդյունքում էապես կկրճատվեն դատարանների ծանրաբեռնվածությունը և դատական գործերի քննության ժամանակահատվածը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարը հայտարարել է նաև, որ դատական իշխանության նկատմամբ Կառավարությունը որդեգրել է հավասարակշռված մոտեցում: «Այն դատավորները, որոնք բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաև նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ: Իսկ արդարադատության իրականացմանը չնպաստող դատավորների համար նախատեսվում է կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնում՝ այդ թվում նաև գույքային հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ավելացում»,- նշել է նախարար Բադասյանը՝ շեշտելով, որ որևէ տրամադրվածություն դատական իշխանության նկատմամբ չկա, և կարգապահական վարույթները հարուցվելու են միայն այն դեպքում ու համապատասխան միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելու է այն դեպքում, երբ համոզվածություն լինի, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմը հաղթահարված է:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն դատական իշխանությամբ. բարեփոխումներ կիրականացվեն նաև դատախազության համակարգում, քննչական մարմիններում, դրանք չեն շրջանցի նաև սնանկության, փաստաբանության, հարկադիր կատարման ոլորտները:

Էլեկտրոնային արդարադատության համատեքստում նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ չի լինելու հատվածային մոտեցում: «Բոլոր գործերով այն փաստաթղթերը, որոնք հնարավոր է ներկայացնել թղթային տարբերակով, ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով: Դատական համակարգից այլ պետական մարմիններ դրանք ևս դուրս են գալու էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է արդարադատության նախարարը:

Անդրադառնալով անցումային արդարադատության թեմային՝ Ռուստամ Բադասյանը շեշտել է, որ նպատակը ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա կենտրոնանալն է: «Մենք պատժիչ քաղաքականություն չենք որդեգրել: Փաստահավաք հանձնաժողովի միջոցով վեր են հանվելու այն բոլոր կոռուպցիոն երևույթները, որոնք չեն նպաստել Հայաստանում տնտեսության զարգացմանը, արդարադատության ոլորտի զարգացմանը և ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք կբացառեն ապագայում նման կոռուպցիոն մեխանիզմների կիրառումը»,- հայտարարել է նախարար Բադասյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է քաղաքական ուղղորդվածությունից զերծ մասնագիտացված խումբ: Վերջինը որոշելու է այն ուղղությունները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է մշակել սահմանադրական բարեփոխումներ:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ